Հասարակություն

Կանխարգելիչ գործողությունների իրականացումը՝ առաջնային

ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, նշել է, որ իր նշանակման առաջին օրվանից հանձնարարականում շեշտել է, որ առաջնային է համարում կանխարգելիչ գործողությունների իրականացումը:

Նա վստահեցրել է, որ հենց այդպիսի գործողությունների արդյունքում է, որ այս տարի նույնիսկ չորրորդ աստիճանի հրդեհներ չեն գրանցվել: Նախարարը կանխարգելման թեզն է կարեւորում նաեւ սողանքային գոտիների եւ մի շարք ճանապարհներին պարբերաբար տեղի ունեցող քարաթափումների պարագայում:

«Ռադիոլուր»-ի խնդրանքով այդ խնդրին նույնպես ԱԻՆ նախարարն այսօր անդրադարձել է:

Սողանքների եւ քարաթափումների խնդիրը նոր չէ: Այն կրկին իրեն զգացնել տվեց վերջերս. Գեղարդավանք տանող ճանապարհին օգոստոսի սկզբներին տեղի ունեցած քարաթափումների պատճառով ճանապարհը փակվել էր: Այսօր ճանապարհը բաց է, սակայն, ոչ անվտանգ: Հայաստանը սողանքավտանգ տարածաշրջան է  համարվում՝ ասում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի  աշխարհագրության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խոյեցյանը:

Փորձագետը պնդում է, որ  Հայաստանում սողանքների դեմ պայքարին պատշաճ ուշադրություն չի դարձվում: Պատկան մարմիններում, սակայն, չեն կիսում այս գնահատականը: Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը «Ռադիոլուրին»  վերջերս վստահեցրեց, որ անկախ  քարաթափումից 2019 թ.-ին այս հատվածում աշխատանքներ պետք է կատարվեն: Անում են ամեն ինչ, որպեսզի ճանապարհահատվածն անվտանգ դառնա, հաջորդ տարվա բյուջեում հարկադիր քարաթափման համար   20 մլն  դրամ են առանձնացրել:

ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ասաց, թե աշխատում են համայնքների հետ եւ ունեն առաջարկներ: Սակայն խնդիրը միայն ԱԻՆ-ի գործառույթների հետ չեն կապված:

«Այստեղ միայն ԱԻՆ-ի գործառույթը չէ: Ուղղակի այս ընթացքում մեր համայնքները, մեղմ ասած, այդքան ուշադրություն չեն դարձրել այս խնդրին, քանի որ այն նաեւ ֆինանս է պահանջում՝ միշտ փորձել են խուսափել»:

Կոտայքի մարզի Գողթ համայնքի գյուղապետ Կարեն Գաբրիելյանը «Ռադիոլուր»-ին հայտնել էր, որ ուղիղ մեկ տարի է կառավարության դռներն է  ծեծում եւ պատճառը հենց Գեղարդավանք տանող ճանապարհահատվածի կախված ժայռն էր, որն ամեն օր թափվելու վտանգի տակ էր ու, ահա՛, այդ օրն էլ չուշացավ:

«Մինչեւ էդ՝ նամակներ-ԱԻՆ, Տրանսպորտի, կապի նախարարություն, կառավարություն. Ուղիղ մեկ տարի է այդ հարցը դրել էին: Ասում էին՝ համբերեք, հեսա ֆինանսավորում կանենք. կանենք-կանենք՝ ինքն իրա բնական ձեւով քանդվեց»:

Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը «Ռադիոլուրին» փոխանցել էր, որ նույն հատվածում կար նաև կրկնակի փլուզման վտանգ:

«Մինչեւ ամբողջությամբ այդ վտանգավոր զանգվածը չմաքրենք, ճանապարհը վտանգավոր է լինելու»:

Թե ինչո՞ւ է նախորդ կառավարությունը անպատասխան  թողել ահազանգերը՝ փոխնախարարը դժվարանում է  ասել, փոխարենը վստահեցնում է. .

«Մյուս տարի նախատեսում ենք կատարել հարկադիր քարաթափում»:


ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոստոմյանի խոսքով՝ Գեղարդավանք տանող ճանապարհին քարաթափումների վերջին դեպքի հետ կապված այսօր էլ հեռախոսազրույց է ունեցել Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի հետ: Ասաց, որ այսօր եւս այդ ճանապարհահատվածում նախատեսել են կախված ժայռերի պայթեցում.

«Որպեսզի վերջնական այդ հարցը կարգավորենք: Սակայն, միայն այդ մի հատվածով չէ: Տարածքային կառավարման նախարարի հետ արդեն իսկ քննարկումներ ունեցել ենք: Հուսով ենք, որ հաջորդ տարվա համայնքների բյուջեում կնախատեսենք նաեւ այս խնդրի լուծման հարցը: Ես ձեզ վստահեցնում եմ, որ հաջորդ տարվա մեջ մենք նախատեսել ենք մոտավորապես 12 համայնքում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել»:

Դա բարդ գործընթաց է՝ ասաց նախարարը, ապա պարզաբանեց, որ, օրինակ, սողանքների գոտիները ջրի կուտակման արդյունք են, հետեւաբար՝ այդ հատվածներում իրականացվելու են ջրահեռացման աշխատանքներ: Ինչ վերաբեում է տեխնիկական հնարավորությանը.

«Ջրահեռացման համար մենք մեր գործընկերների կողմից  օժանդակություն ենք ստացել հատուկ սարքեր, որոնք մինչեւ 180-200 մետր ծակում եւ խորանում են, որտեղ իրականացվում է եւ բետոնային աշխատանք, ե՛ւ խողովակներով ջրահեռացում: Դա տարբերակներից մեկն է»:

Ես կրկնում եմ այն թեզը, որ ես միշտ առաջ եմ քաշում՝ կանխարգելումը: Դա ամենակարեւոր եւ ամենաարդյունավետ գործողությունն է՝ եզրափակեց ԱԻ նախարարը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button