Հասարակություն

Կա արդյոք հայրենադարձություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում պաշտոնավարման  100 օրը ամփոփելիս նշել էր, որ  Հայաստանում անշարժ գույքի գները բարձրացել են  20 տոկոսով, ինչը նշանակում է, որ  հայրենադարձություն է տեղի ունեցել:

Իսկ մեկ օր առաջ Սփյուռքի նախարարն Մխիթար Հայրապետյանը շեշտել էր, որ հայրենադարձությունը պետության  կարևորագույն  ուղղություններից մեկն է: Արդյոք կա՞ հայրենադարձություն:

 

Նախորդ տարվա առաջին կիսամյակում ՀՀ  են ժամանել  մոտ 740 հազար ՀՀ քաղաքացիներ: Այս տարի նրանց թիվը հասել է մոտ 790 հազարի: Սրան զուգահեռ աճել են նաև մեկնումները: Մոտ 810 հազար ՀՀ քաղաքացիներ մեկնել են նախորդ տարի և մոտ 840 հազար այս տարվա առաջին կիսամյակում: Պաշտոնական վիճակագրությունը «Ռադիոլուր»-ին ներկայացնում է Միգրացիոն ծառայության  միգրացիոն ծրագրերի և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Վարդան Մաթևոսյանը:

«Ընդհանուր առմամբ՝ ՀՀ քաղաքացիների  շարժունակությունն է ավելացել ու այդ ավելացումը տարեց տարի կա: Ակնհայտ է, որ հետհեղափոոխական Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ մեծացել է, սակայն դա մենք չենք կարող  անվանել ներգաղթ»:

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հայրենադարձվածների  վերաբերյալ  կոնկրետ թվեր չունի, սակայն  իր ուսումնասիրությունների արդյունքներն է հրապարակում:

Հայրենադարձությունը մեծ թափով  կազմակերպելու  հեռանկար կա, սակայն Հայաստանը դեռ պատրաստ չէ մեծ թվով  հայրենակիցներ ընդունել՝ նշում է Սփյուռքի նախարարը:  Ըստ նրա՝ հայրենիք վերադարձող ցանկացողների թիվը մեծ է, սակայն կան որոշակի  խնդիրներ, որոնք  լուծելուց հետո միայն կարող են  ակնկալել նրանց վերադարձը: Հայրենադարձվել ցանկացողներին հետաքրքրում է երկու հարց.

«Առաջինն օրինականության  ապահովումն է երկրում: Ներդրումների անվտանգություն և երկրորդը՝ աշխատատեղերի հարցն է»:

Սրան զուգահեռ՝ մասնագիտական հայրենադարձությունն արդեն սկսվել է՝ ասում է նախարարն Հայրապետյանը: Նախարարը բացատում է, թե ինչ է մասնագիտական հայրենադարձությունը. պետական կառավարման համակարգում պետք է ապահովել սփյուռքահայերի ներգրավվածությունը:

Ժողովրդագիր Ռուբեն  Եգանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ արդեն տևական ժամանակ է մասսայական ծավալներով ներհոսք չկա: Կան որոշակի տվյալներ, որոնք վկայում են, որ ուղևորաշրջանառության դրական  մնացորդը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել է, բայց դա չի նշանակում, որ նվազել է արտագաղթը կամ աճել է ներգաղթը, ասում է.

«Դրանք ընդամենը ուղևորաշրջանառության  տվյալներ են, որոնցում երկու երևույթ է ներառված՝ միգրացիոն և զբոսաշրջության երևույթն է»:

Ըստ ժողովրդագրի՝ չկան  տվյալներ, որոնք ցույց կտան՝ որքան են միգրացիայի թվերը, որքան զբոսաշրջության: Իսկ մեծ թվով ներգաղթայլաներ ընդունելու համար Հայաստանը դեռևս պատրաստ չէ։ Եգանյանը կարծում է, որ ներկա իրավիճակին ներգաղթի միակ պայմանը հեղափոխությամբ պայմանավորված դրական սպասումներին են։

Ցուցադրել ավելի
Back to top button