Տնտեսական

Ոռոգման խնդիրը՝ ջրի կորստի՞, թե՞ վատ կառավարման հետեւանք


Սևանա լճից  լրացուցիչ ջուր բաց թողնելու հարցը  հերթական անգամ կառավարության  օրակարգում է: Այս տարի այն եզակի տարին է, երբ Ջրային կոմիտեի ու բնապահպանության նախարարության կարծիքները չեն համընկնում:

Թեմայի շուրջ մի քանի բուռն քննարկումներ արդեն տեղի ունեցել են: Հստակ է վարչապետի դիրքորոշումը՝ ոռոգման ջրի խնդիրը փորձել լուծել՝ առանց Սևանա լճից ջուր բաց թողնելու:

 

 

Բնապահպանության նախարարությունում շարունակում են պնդել՝ Սևանա լճից  նախատեսվածից ավելի շատ ջուր բաց թողնելը վնասելու է ջրի էկոհամակարգին:  Փոխնախարար Գնել Սանոսյանը որոշ փակագծեր բացում է՝  խնդրի շուրջ երեք քննարկում է տեղի ունեցել, ևս մեկն էլ՝ վարչապետի մոտ.

«Խնդիրը բավականին լուրջ է մի քանի կողմից՝ ոռոգման ջրի  կարիք կա: Դա մենք էլ ենք տեսնում»:

Փոխնախարարը ընդգծում է՝  պետք է քաղաքական գնահատական տալ, թե ինչու ենք այս վիճակին հանգել:

«Եթե կարճ ասենք, ջրային ռեսուրսների վատ կառավարման արդյունք է, Ջրպետկոմը ամիսներ շարունակ իմանալով, որ գալու է մի հատված, որ այսպիսի խնդիր է լինելու, պետք է ջրային ռեսուրսները ճիշտ կառավարեին: Էլ չեմ ասում ջրային կորուստները»:

Այն, որ ջրի կառավարման խնդիր կար, օրերս «Ռադիոլուրին»  անձամբ Ջրային կոմիտեի նախագահ Իննեսա Գաբայանն էլ փաստեց.

«Անգամ շատ կոպիտ խոսք կարող էի ասել՝ դա դավաճանություն է հայրենիքի հանդեպ ու հանցանք: Ես գուցե շատ կոպիտ եմ ասում, դուք գուցե չօգտագործեք: Սա համալիր խնդիր է: Եթե դու չես կարողանում քո  համակարգը ճիշտ կառավարել, վերականգնման աշխատանքները, ներդրումները  անել ամենաբարձր մակարդակով ու օպտիմալ ձևով, այդ  ամենի արդյունքը բերում է  ջրային ռեսուրսի խնդրի»:

Բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանի խոսքով, Ջրային կոմիտեն 40 մլն խորանարդ մետր ջուր է ցանկանում բաց թողնել, սակայն դաշտ հասնելու է 18 մլն խորանարդ մետրը միայն, 22 մլն ճանապարհին կորելու է:

Ջրային կոմիտեի նախագահ Իննեսա Գաբայանն էլ է շեշտում՝ Սևանը մեր ազգային հարստությունն ու ռազմավարական պաշարն է, լճի պահպանության համար պետք է ներդնել բոլոր ուժերը: Ջրային կոմիտեի ռազմավարական խնդիրը նաև Սևանա լճի պահպանությունն է:

«Կարծում եմ, որ անցյալ կառավարությունները միանշանակ այն սրտացավ մոտեցումը չեն ունեցել, որպեսզի հնարավորինս միջոցները ներդրվեն այդ համակարգերը վերականգնելու, ճիշտ կառավարելու համար՝ ներգրավելով գյուղացիներին մասնակցային կառավարմանը, որը ևս պետք է իր դրական արդյունքը տար: Այսօր մենք ունենք այսպիսի իրավիճակ»:

Ոռոգման ջրի բացակայությունից մեր մարզային այցերի ժամանակ հաճախ են դժգոհում գյուղացիները:

Կառվարությունում փորձում են խնդրի լուծման ուղիներ գտնել: Հստակ է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը՝  առանց  Սևանից  ջուր բաց թողնելու տարբերակներ գտնել: Ջրային կոմիտեի նախագահը կարծում է, որ  իրենց առաջարկը մերժելու դեպքում ոռոգման համակարգում խնդիրներ կունենանք:

Ցուցադրել ավելի
Back to top button