Քաղաքական

Երևանի ավագանու ընտրություներին կմասնակցի նաև Ժառանգությունը. թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է

Սեպտեմբերի 23 — ին երևանցիները  արտահերթ ընտրություններում նոր ավագանի են ընտրելու։ Քարոզարշավը  կմեկնարկի սեպտեմբերի 10- ին:   Իսկ մինչ այդ դաշտի խաղացողները  ցուցակներ են կազմում, թեկնածուների անունները հայտարարում:

Այսօր արդեն պարզ դարձավ, որ Երևանի ավագանու  ընտրություններին  մասնակցելու  է «Ժառանգություն»  կուսակցությունը: Վաղ առավոտ  կուսակցության նախագահ  Րաֆֆի Հովհաննիսյանը  ասուլիս  հրավիրեց, ասաց, որ մի քանի ժամ հետո պարզ կլինի, թե ով է գլխավորելու իրենց ցուցակը, տեղեկացրեց նաև, որ  երեքի թեկնածությունն է քննարկվում։ Ի վերջո ընտրությունը կանգ առավ  Րաֆֆի Հովհաննիսյանի վրա:

Հովհաննիսյանը սխալ է համարում հեղափոխությունը կուսակցականացնելու մոտեցումը։  Հենց այդ մոտեցումն էլ հաշվի առնելով՝ «Ժառանգությունը» դիմել էր  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու համար, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել:

«Ելք»  դաշինքի մաս կազմող  «Քաղաքացիական պայմանագիր»-ն անգամ միասնական   ցուցակով հանդես չի գալու դաշինքում գտնվող մյուս կուսակցությունների հետ: «Լուսավոր Հայստան» և «Հանրապետություն» կուսակցությունները  ընտրությունների գնալու են  միասնական ցուցակով, իսկ  ցուցակն էլ  գլխավորելու է Արդարադատություն նախարար Արտակ  Զեյնալյանը:  Այս պահին քննարկվում է, թե ովքեր  են լինելու առաջին հնգյակում։

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հայտարարում էին,  որ մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին, սակայն շաբաթ օրը կոնգրեսը հայտարարություն տարածեց, որ չի մասնակցելու ընտրություններին՝ այդպես աջակցելով ապրիլյան հեղափոխությունը առաջնորդած ուժի որդեգրած քաղաքական գծին։

ՀԱԿ- ը մտադիր է ուժերը կենտրոնացնել ԱԺ արտահերթ ընտրություններին վրա, որը գնահատում է որպես «հեղափոխության եզրափակիչ փուլ»։ Այսօր ևս մեկ ուժ մասնակցության հայտ ներկայացրեց։

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն է, ցուցակն էլ  գլխավորելու է կուսակցության նախագահ Մանուել Մանուկի Գասպարյանը։ Նա կուսակցության հիմնադիր, քաղաքական դաշտում բավականին կոլորիտային գործիչ, լուսահոգի  Մանուկ  Գասպարյանի որդին է:

Առաջադրումների ժամկետը դեռևս չի ավարտվել։ Այս  պահի դրությամբ հստակ է, որ  Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտն են ներկայացրել նաեւ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի  ցուցակը գլխավորելու է  դերասան Հայկ Մարությանը, ԲՀԿ- ն, որի ցուցակի առաջին հորիզոնականում Նաիրա Զոհրաբյանն է, «Երկիր Ծիրանին»՝ Զարուհի Փոստանջյանի առաջնորդությամբ, ՀՀՇ- ն՝ ԱԺ Ծառուկյան խմբակցության անդամ, Կենտրոնի նախկին համայնքապետ Արարատ Զուրաբյանի առաջնորդությամբ։ «Երևանի հանրություն»  նախաձեռնության ցուցակն էլ գլխավորելու է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

Back to top button