Հասարակություն

Նոր ուսումնական տարվան ընդառաջ բոլոր դպրոցները կլիցենզավորվեն

Նոր ուսումնական տարվան ընդառաջ բոլոր դպրոցները պետք է լիցենզավորվեն: Դեռ 2 ամիս առաջ ԿԳ նախարարը հայտարարել էր, որ երկար տարիներ եղել են դպրոցներ, որոնք ունեցել են արտոնություններ:

Այժմ բոլոր հին գործերը վերանայվում են և նախարարության լիցենզավորման գործակալության պետը «Ռադիոլուրին» հայտնել է, որ  դպրոցների 90 տոկոսն արդեն լիցենզավորվել են:

Դպրոցների լիցենզավորումը խստորեն է դրված բոլոր դպրոցների առջև: ԿԳՆ լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը դեռ երկու ամիս առաջ շրջաբերական է ուղարկել բոլոր դպրոցներին: Այսօր արդեն ունենք բավականին դրական առաջընթաց: Դպրոցների շուրջ 90 տոկոսն արդեն արտոնագիր ունի, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց գործակալության պետը:

Իհարկե, կան դպրոցներ, որոնք տարիների ընթացքում խախտումով են աշխատել և աշակերտների գերհագեցվածություն ունեն: Այժմ այս դպրոցների հարցն է քննարկվում և Մովսես Մովսիսյանը հայտնեց, որ մինչև սեպտեմբերի առաջին տասնօրյակը  այդ խնդիրը ևս կլուծվի:

Ուշագրավն այն է, որ մարզային դպրոցներում խախտումներ գրեթե չեն էլ եղել: Խախտումներ հիմնականում հայտնաբերվել են Երևանի դպրոցներում և այսօր էլ կան դպրոցներ, որոնք դեռևս չեն դիմել լիցենզավորման համար:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ դպրոցների լիցենզավորումը պետք է իրականացվեր դեռևս մինչև  կառավարության կողմից դրանց հիմնական կամ ավագ դպրոցի կարգավիճակ տալը:

Ինչևէ՝  կրթական գործունեության համար լիցենզիա պետք է ունենան բոլոր դպրոցները՝ թե պետական, թե մասնավոր: Տարրական, հիմնական եւ միջնակարգ կրթական ծրագրեր իրականացնելու արտոնագիր ստանալու համար հաշվի են առնվում դպրոցի պայմանները, դասասենյակները, ուսուցիչների պատրաստվածությունը եւ այլ տվյալներ:

Լիցենզավորմամբ դպրոցների նկատմամբ պետական հսկողությունը չի ավարտվելու։

ԿԳՆ լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը հայտնեց, որ հոկտեմբերին գերատեսչության ներկայացուցիչները նորից տեղում կվերստուգեն, թե որքանով են դպրոցները համապատասխանում ամրագրած չափանիշներին:

Back to top button