ԿարևորՔաղաքական

Խաղի կանոնները փոխվում են. վարչապետը հրաժարական չի տա, սահմանադրությունը կփոխվի

Գրեթե բոլորի համար անակնկալ, երեկ վարչապետի հրավիրած հանրահավաքի ընթացքում պարզվեց, որ մինչեւ հաջորդ տարվա մայիսը նախանշված խորհրդարանական ընտրությունները, ունենալու ենք նաեւ սահմանադրական փոփոխություններ:

Անակնկալը մատուցեց հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որով փորձում է կանխել ընդդիմադիր դարձած նախկին իշխանությունների մտադրությունները, որոնք կապված են վարչապետի հրաժարականի հետ:

Վարչապետի նոր ուղերձները շատերն ընկալել են իբրեւ իշխանափոխության երկրորդ փուլի մեկնարկ:

Հանրության պահանջի ձեւավորման դեպքում կառավարությունը շատ արագ նախաձեռնելու է սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը հետեւյալն է՝ վարչապետի հրաժարականը պարտադիր չէ, իսկ խորհրդարանը կգնա ինքնալուծարման:

Հայաստանի ներքաղաքական դաշտում սկսվել է մարտավարության եւ ռազմավարության պայքար: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գիտակցել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու սահմանադրական գործիքների վտանգը: Գործող խորհրդարանի միակ լուծարման տարբերակը վարչապետի հրաժարականն է, որից հետո 2 անգամ անընդմեջ վարչապետ չընտրելու դեպքում խորհրդարանը լուծարվում է:

Այս տրամաբանությամբ էր Հայաստանի ներքաղաքական դաշտն առաջնորդվում մինչեւ երեկ: «Խաղի» կանոնները փոխելուց առաջ՝ դաշտի անդրկուլիսյան խմորումների մասին երեկվա հանրահավաքի ընթացքում բարձրաձայնեց վարչապետը:

Վարչապետի քաղաքական ընդդիմախոսների դաշտից այսօր մեկնաբանություններ ստանալը կրկին անհնար էր: Նրանք գերադասում են կարծիքներ հայտնել սոցիալական ցանցերի կամ հայտարարությունների միջոցով:

Հասկանալի է, որ ներկայիս ընդդիմությունը պետք է կոշտ արձագանքեր Նիկոլ Փաշինյանի մտադրությանը։ Օրինակ՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր գրասենյակի տարածած հաղորդագրության միջոցով վարչապետին խորհուրդ է տալիս հետեւյալը.

«Չփորձեք մատ թափ տալ ու սպառնալ պետական ինստիտուտներին եւ պատգամավորներին, դատավորներին եւ այն քաղաքացիներին, ովքեր այլ տեսակետ ու կարծիք ունեն, չփորձեք ոտնահարել օրենքն ու պետությունը: Ոգեւորությամբ հայտարարեց այն, ինչի համար քննադատում էր նախկին իշխանություններին`իր սեփական իշխանությունը պահելու համար նա պատրաստ է փոխել  անգամ Սահմանադրությունը»:  

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Աժ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ իր կարծիքը փոխանցելու համար նախընտրել է ֆեսբուքյան գրառումը՝ նոր իշխանություններին անվանելով «թավշյա խունտա»:

Եթե հին իշխանությունների համար առաջարկված սահմանադրական փոփոխություններն անընդունելի են, ապա Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին մշտապես բարձրաձայնող ԱԻՄ ղեկավար Պարույ Հայրիկյանը պատրաստ է աջակցել նոր կառավարությանը՝ մի հստակ շտկումով՝ փոփոխություններն անհրաժեշտ են ոչ թե իշխանությունը ամրագրելու, այլ քաղաքացիներին երկրի տերը դարձնելու համար:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը դեռ չի պատկերացնում, թե ինչ սահմանադրական փոփոխությունների է գնալու գործող իշխանությունը, բայց անհրաժեշտությունը նրա համար ակնհայտ է:

Աչքի առաջ ունենալով Սահմանադրությունը փոխելու նոր հնարավորություն՝ ԱԻՄ ղեկավարը պատրաստ է իր հեղինակած փաստաթղթով աջակցել նոր կառավարությանը, որքան էլ որ չի կիսում որոշ հարցերի շուրջ նորերի կեցվածքն ու մտածողությունը:

Այսպիսով, ստացվում է մի իրավիճակ, երբ ավագանու ընտրությունների եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջակայքում ունենալու ենք եւս մեկ կարեւոր իրադարձություն՝ սահմանադրական նոր փոփոխություններ:

Ենթադրվում է, որ այդ աշխատանքը չի ազդի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետների վրա, որոնք նախատեսված են մինչեւ հաջորդ տարվա մայիսը:

Back to top button