Մշակույթ

Վերջին հրաժեշտը հանրահայտ քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանին


Հայաստանի նկարիչների միությունում այսօր հրաժեշտ են տվել ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանին: Նա ծնվել էր 1918 թվականին Հայաստանում, 1947 թվականին ավարտել  էր Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը։ 1944 թվականից բնակվում և ստեղծագործում էր Մոսկվայում, որտեղ և կնքել էր իր մահկանացուն:

Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի  ակադեմիկոս Նիկոլայ Նիկողոսյանը ժամանակակից հայկական մոնումենտալ քանդակագործության ամենահայտնի դեմքերից էր, սիրված ու հայտնի բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ:

Արվեստագետի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Նա գրեթե Առաջին հանրապետության տարեկիցն էր, ծնվել էր 1918 թվականին,  ժողովրդական նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը դեկտեմբերի 2-ին կտոներ ծննդյան 100-ամյակը: Մեծանուն արվեստագետը կյանքից հեռացավ օգոստոսի 10-ին՝ Մոսկվայում: Արմավիրի մարզի Շահրիար՝ ներկայիս Նալբանդյան գյուղում ծնված քանդակագործը այնտեղ էր  ապրում և ստեղծագործում 1944 թվականից: Նիկողոսյանի աճյունն իր վերջին հանգրվանն այսօր գտավ Երևանի Կոեմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Հրաժեշտի արարողությունը Հայասատնի նկարիչների միությունում էր:

Նիկոլայ Նիկողոսյան արվեստագետն առավել հայտնի է որպես գիտության, մշակույթի, պատմական ճանաչված գործիչների դիմաքանդակներով, Երևանում ու Մոսկվայում կանգնեցված մոնումենտալ հուշարձաններով: Երեւանում տեղադրված են նրա ստեղծած` Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի արձանները:

Նիկողոսյանի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ Ավետիք Իսահակյանի բրոնզաձույլ արձանը, 1975թվականից  զարդարում է Գյումրու թատերական հրապարակը: Գրողի թոռը՝ գրականագետ Ավիկ Իսահակյանն ասում է, որ Իսահակյանի արձանի վրա Նիկողոսյանը սկսել էր աշխատել դեռ 1955 թվականից՝ Վարպետի կենդանության օրոք:

«Նա ուներ մի կարծիք ու այդ կարծիքը հենց իր կարծիքն էր: Նիկոն վաստակել էր այդ իրավունքը՝ իր կյանքով, իր արվեստով: Նա արվեստագետ էր օրվա մեջ 24 ժամ, քնում ու արթանանում էր արվեստով»,-Նիկողայոս Նիկողոսյանին այսպես է բնութագրում նրա զարմիկը,  Ռուսաստանի լրագրողների միութայն քարտուղար Աշոտ Ջազոյանը:


Նիկողայոս  Նիկողոսյանը կյանքին հրաժեշտ էր տվել Մոսկվայի իր արվեստանոցում՝ օգոստոսի 10-ին, ժամը 14-ի սահմաններում: Մեկ օր անց կյանքից հեռացավ  նաև նրա կինը՝ Էթերին: Աշոտ Ջազոյանն այսօր պատմեց նաև վրացուհի Էթերիի մասին, որին կատակով ասում էին՝ դու մեր ընտանիքի  ազգային փոքրամասնությունն ես:

«Քեռիս հաճախ ասում էր, որ քարերի մեջ է ծնվել, Ռուսաստանում էր, բայց ապրում էր Հայաստանով: Ուրախ եմ, որ նա  տուն վերադարձավ»,-ասում է Նիկողոսյանի  զարմիկը:

Ցուցադրել ավելի
Back to top button