Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ գտնվելը կխոչընդոտի՞ գործի քննությանը

«Մարտի 1»-ի գործով, անհրաժեշտության դեպքում առանց բացառության, հարցաքննվելու են այդ դեպքերին առնչված բոլոր անձինք, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ՀՔԾ ո՞ր հայտարարությունն է համարում անթույլատրելի, եւ Քոչարյանի ազատության մեջ գտնվելը արդյո՞ք կխոչընդոտի գործի քննությանը, այս և այլ հարցերի պատասխանները՝ մանրամասն ռեպորտաժում:

Մարտի 1-ի գործով հարցաքննվելու  է  նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը. Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունն է:

Թե երբ երրորդ նախագահը կկանչվի հարցաքննության՝ Խաչատրյանը պատասխանում է:

Հատուկ քննչական ծառայությունը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն անվանել էր ապօրինի, այսօր Սասուն Խաչատրյանը  վերահաստատեց ՀՔԾ այս գնահատականը:

Նման գնահատականը Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն անթույլատրելի է համարում, ընդ որում՝ այս պահին օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտը:

Այն, ինչ առավելագույնը ՀՔԾ-ն կարող էր ասել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայացված դատական ակտի մասին, որոշման հետ համամիտ չլինելն է:

Փաստաբանը ՀՔԾ-ի հայտարարությունների մեջ տեսնում է հաճոյանալու ցանկություն, և սա  մանիպուլացիայի մեթոդ է, ինչը չի կարելի՝ ասում է Ալումյանը:

Նախկին դատավոր Պարգև Օհանյանի խոսքով՝ անձեռնմխելիությունը չի կարող լինել բացարձակ:

Դեռ 1995 թվականի Սահմանադրության մեջ անձեռնմխելիության մասին խոսք չկար, դա մտցվեց 2005 թվականին, որը պահպանվեց մինչև այժմ, և, ըստ այդ կետի, հանրապետության նախագահը հայրենիքի դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար կարող է պաշտոնանկ արվել, որի համար պետք է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ, հետևաբար, այս տրամաբանությամբ հանրապետության նախագահը չի կարող անձեռնմխելիություն ունենալ։

Տեղեկանք. Պարգեւ Օհանյանը դատավորի լիազորություններից զրկվել էր 2007 թվականին «Ռոյալ Արմենիա» ընկերության աղմկահարույց գործով արդարացման վճիռ կայացնելուց հետո։ Նա Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր էր։

Վերադառնամ թեմային. արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը կփորձի լքել երկիրը։ Հարցին Խաչատրյանը պատասխանեց՝ կարծում է, չի փորձի:

Այս պահին երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, և եթե Քոչարյանը երկիրը լքելու փորձ անի, դա կգնահատվի որպես նախաքննությունը խոչընդոտելու փորձ, ու կկիրառվի խափանման միջոց՝ ասում է ՀՔԾ պետը:

Վերքննիչ դատարանի՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու  որոշումն ամբողջությամբ հրապարակված չէ և մինչև այսօր իրավաբաններն իրենց  տեսակետն արտահայտում են վճռի՝ հրապարակված եզրափակիչ մասի հիման վրա, որտեղ ամրագրված է, որ երկրորդ նախագահն օգտվում է անձեռնմխելիության իրավունքից:

Ցուցադրել ավելի
Back to top button