Հասարակություն

Խորովածի ամենամյա փառատոնը՝ օգոստոսի 19-ին


Օգոստոսի 19-ին Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կկայանա խորովածի թվով 10-րդ հոբելյանական փառատոնը: Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանները ներկայացնող ավանդական թիմերի հետ մեկտեղ փառատոնին այս տարի կմասնակցեն զինծառայողների, գրողների և ֆիզիկոսների թիմեր:

Խորովածն անկասկած, հայերիս ամենասիրելի ուտեստն է, ինչը մեծ հպարտությամբ մատուցում ենք նաև մեր արտասահմանցի հյուրերին: Այդուհանդերձ, Ալիսա Գևորգյանն այսօր փորձել է պարզել, արդյոք հյուրերին մատուցվող ճաշացանկում խորովածն ունի այլընտրանք:

Ինչ են առաջարկում հայերն իրենց արտասահմանցի հյուրերին հայկական հարուստ խոհանոցից:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների թվում խոհանոցն առաջին հորիզոնականներում է: Գաղտնիք չէ նաև այս հարցում հայկական խորովածի ծանրակշիռ դերը: Արդյոք միայն խորովածով կարող ենք հպարտանալ ու ներկայանալ օտարերկրյա մեր հյուրերին: Ինչ են սովորաբար առաջարկում հայաստանցիներն իրենց արտասահմանցի  հյուրերին. փորձենք պարզել երևանյան փոքրիկ հարզախույզով:

«Շատ ցավոտ հարց տվեցիք»,- Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի արձագանքն էր նույն հարցիս՝ սովորաբար ինչ են առաջարկում հայաստանցիներն իրենց արտասահմանցի  հյուրերին: Մամուլյանի համոզմամբ՝ հայերս ծանոթ չենք մեր հարուստ խոհանոցին:

Խորովածը մրցույթից դուրս է. թերևս հենց այս տրամաբանությամբ էլ առաջնորդվում են Ախթալայում անցկացվող խորովածի փառատոնի կազմակերպիչները: Օգոստոսի 19-ին Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կկայանա խորովածի թվով 10-րդ հոբելյանական փառատոնը:  Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով, ստեղծման առաջին իսկ օրից խորովածի փառատոնն իր առջև մի քանի խնդիր է դրել:

«Հյուսիսային տարածաշրջանի զարգացման հարց է դրվել, դրանով լուծվում է տարածաշրջանների համաչափ զարգացման խնդիրը»։

Խորովածի առատոնը նաև շփման հարթակ է ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանց համար: Օրինակ այս տարի 30 տաղավարներում ներկայացվող իրենց խոհանոցային արտադրանքով կներկայան գրողներ, ֆիզիկոսներ և զինվորականներ: Մամուլյանի բնորոշմամբ՝ իրենց պատրաստած խորովածի տեսականիով կմրցեն ներկայացված խմբերի ուտող-խմողների թիմերը:

Ցուցադրել ավելի
Back to top button