Հասարակություն

Փորձելու ենք փոխել վերաբերմունքը պետական լեզվի նկատմամբ.Դավիթ Գյուրջինյան

Լեզվի պետական կոմիտեն պետական լեզվական քաղաքականության հայեցակարգի և ծրագրի ընդունման մեխանիզմներ է մշակում: Լեզվական խնդիրներ շատ են և արդեն արմատացել են մեր հասարակության մեջ: Այդ խնդիրները լուծելու և լեզվական ճիշտ քաղաքականություն տանելու նպատակով լեզվի նորաստեղծ կոմիտեն նույնիսկ հեռուստանախագիծ է պատրաստել և սպասում է հեռուստաընկերությունների կողմից արձագանքի, որպեսզի այն կյանքի կոչվի:

 

Տարիներ շարունակ գործող Լեզվի պետական տեսչությունն այժմ դարձել է կոմիտե: Ըստ տեսչության նախկին պետ Սերգո Երիցյանի՝ մինչև հիմա լեզուն փորձում էին պաշտպանել վարույթներով և արձանագրություններով, այժմ արդեն կոմիտեի կարգավիճակում կառույցի գործառույթներում կտրուկ փոփոխություններ են սպասվում:

Եվ իսկապես՝ տուգանելը միշտ էլ կա, բայց փորձը ցույց է տվել, որ տուգանելով խնդիրները չեն լուծվում, իր հերթին նկատում է Լեզվի կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Նախևառաջ, պետական լեզվական քաղաքականության  հայեցակարգ և ծրագիր պետք է ընդունել՝ կարծում է նա:

Պետք է փորձել շտկել կամ գոնե բարելավել հրապարակային գրվածքները, որոնց հանդիպում ենք գրեթե ամեն քայլափոխի: Այս փոփոխությունները պետք է սկսենք նախևառաջ մեզանից, քանի որ հենց մենք ենք այդ գրվածքների հեղինակները, նկատում է Գյուրջինյանը:

Իհարկե, պետք է սահմանվի նաև վերահսկողություն և վերահսկողությունը  պետք է սկսել ԶԼՄ-ներից, կարծում է կոմիտեի նախագահը:  Բացի այդ՝ արագ փոփոխվող ժամանակաշրջանում, երբ անընդհատ գիտական նոր հասկացություններ և օտարաբանություններ են ասպարեզ գալիս, նաև դրանք հայացնելու անհրաժեշտություն կա:  Ուստի՝ Դավիթ Գյուրջինյանը կարծում է,  որ աշխատանքներ պետք է կատարվեն նաև մասնագիտական հայերենի զարգացման ուղղությամբ: Արդյո՞ք այս դեպքում անդրադարձ կկատարվի և կհայացվի նաև  մեր օրերում բրենդ դարձած «դուխով» արտահայտությունը:

Այն, որ հայերենը կանոնակարգման կարիք ունի, փաստ է: Այլ խնդիր է, որ պետք է իրական մեխանիզմներ մշակվեն, և լեզվական ճիշտ քաղաքականություն տարվի: Լեզվի նորաստեղծ կոմիտեն նույնիսկ հեռուստանախագիծ է պատրաստել և սպասում է հեռուստաընկերությունների կողմից արձագանքի, որպեսզի այն կյանքի կոչվի: Եթե հեռուստաընկերությունները կոմիտեին չդիմեն, կոմիտեն ինքը կդիմի և կսկսի Հանրային հեռուստաընկերությունից:

Ցուցադրել ավելի
Back to top button