ԿարևորՔաղաքական

Վարչապետության 100 օր` մեկնաբանում են փորձագետները

«Նիկոլով» շապիկներ, «դուխով» գլխարկներ եւ հեղափոխության խորհրդանիշներով այլ պարագաներ. թավշյա հեղափոխությունը դարձավ յուրատեսակ բրենդ, ամիսներ շարունակ նախադեպը չունեցող անարյուն իշխանափոխության օրինակը ոչ միայն ներկայացվում է աշխարհին, այլեւ արդեն դառնում է բիզնեսի աղբյուր: Մարտի 31-ից մինչեւ մայիսի 8-ը՝ ուղիղ 40 օր տեւեց այն գործընթացը, որը Գյումրիի Վարդանանց հրապարակից քայլ անող պատգամավոր Նիկոլ Փաշինյանին թույլ տվեց բազմահազար ժողովրդի աջակցությամբ արդեն վարչապետի կարգավիճակում մտնել Բաղրամյան 26: Այսօր արդեն ժամանակն է հասկանալ եւ ամփոփել ոչ թե պայքարի, այլ աշխատանքի 100 օրը: Այս հարցում էլ ավանդույթները խախտվում են՝ ավանդական ասուլիսի փոխարեն Նիկոլ Փաշինյանը կրկին հրավիրել է հանրահավաք: Իսկ մինչ հանրահավաքը «Ռադիոլուրն» այս շաբաթ կամփոփի նրա վարչապետության 100 օրը՝ ըստ ոլորտների։

 

Հեղափոխություն, հեղաշրջում, իշխանափոխություն, համաժողովրդական շարժում եւ բազմաթիվ այլ ձեւակերպումներ են տրվում այն ամենին, ինչը տեղի ունեցավ մարտի 31-ից, երբ Փաշինյանն իր առաջին քայլն արեց Գյումրիի Վարդանանց հրապարակից մինչեւ մայիսի 8-ը, երբ Փաշինյանն առաջին քայլն արեց եւ ԱԺ շենքից մտավ Բաղրամյան 26: Ի վերջո՝ ի՞նչ էր տեղի ունեցածը՝ սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը, քաղաքագետ Աղասի Ենոքյանը եւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը տարբեր գնահատականներ ունեն:

Միակ ձեւակերպումը, որ կիրառվում է բոլորի կողմից դա «Նոր Հայաստանն» է, որտեղ առաջիկա մեկ տարվա ընթացքում սպասվում են արտահերթ ընտրություններ՝ Երեւանի ավագանու ու Աժ-ի: Առաջիկա ընտրությունները, ըստ էության, կանխորոշված են համաժողովրդական շարժման դեռ պահպանվող ալիքի պատճառով:

Նոր Հայաստանի քաղաքական զարգացումները, սակայն, դեռ նոր են սկսվում: Դա թերեւս պայմանավորված է անկախ Հայաստանի ամենացավալի իրադարձությունների հետ՝  «Մարտի1»-ի գործի նոր քննությամբ, ոչ միայն աղմկահարույց բացահայտումներով, այլեւ ոչ պակաս աղմկահարույց ձերբակալություններով: Սա առիթ է  արդեն նոր Հայաստանում հին վերնախավի ներկայացուցիչների համար խոսել եւ հայտարարել հետապնդումների մասին:

Նոր կառավարությունից պատասխանում են, որ եկել են նոր ժամանակներ՝ առանց հովանավորչության եւ առանց կոռուպցիայի: Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը գրեթե 100 օր առաջ իր առաջին հայտարարություններից մեկն արեց հենց այդ կոնտեքստում:

Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվա ընթացքում շարքային քաղաքացիները դեռ լսում են հատուկ «դուխով» գրված երգերը, կրում են «Նիկոլի» շապիկներն ու «դուխով» գլխարկները եւ դուխով սպասում են նոր փոփոխությունների:

Վերջին 100 օրվա ընթացքում արտաքին քաղաքականության մեջ Նոր Հայաստանում որեւէ ուղղություն չի փոխվել՝ Հայաստանի դիրքերը նույնն են թե ՀԱՊԿ-ում, թե ԵՄ հետ հարաբերություններում:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button