Տնտեսական

Կառավարությունում «Լիդիան Արմենիայի» աշխատակիցներին խնդրել են սպասել

Արդեն 53 օր է, ինչ փակ է Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը: Այսօր վաղ առավոտից  կառավարության շենքի առջև  հավաքվել էին «Լիդիան Արմենիա» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ ու Ամուլսարի ազդակիր համայնքների բնակիչներ: Նրանք ցանկանում են աշխատանքի վերադառնալ: Կառավարությունում նրանց լսել են, հորդորել սպասել ևս մի քանի օր՝ մինչեւ աշխատանքային խումբը կավարտի ուսումնասիրությունները: Ամուլսարի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները վստահ են, որ կառավարությունը ճիշտ որոշում կկայացնի ու հանքը չի շահագործվի:

 

Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ  չհանդարտվող կրքերն այսօր «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներին կառավարության շենքի մոտ էին բերել: Մխիթար Արշակյանը Գնդեվազ համայնքի բնակիչ է, աշխատում է «Լիդիան Արմենիա» ընկերությունում: Նրանք վստահեցնում են՝ այստեղ են՝ սեփական նախաձեռնությամբ, որևէ մեկն իրենց չի ուղղորդել դեպի կառավարություն:

«Ռադիոլուրի» զրուցակիցները պնդում են՝ իրենք էլ են հաշվի առնում բոլոր ռիսկերը՝

«Տասը տարի առաջ երբ ես ասում էի, որ հանք չշահագործենք մեր տարածքում, ոչ մեկը չէր ասում, այո, հետո ես նորից մնացի իմ դրդմանը, սակայն որպես կենսաբան մասնակցեցի»:

Սարավան, Գնդեվազ, Ջերմուկ, Գորայք ազդակիր համայնքներից Երևան եկած քաղաքացիները վստահեցնում էին՝ քիչ են, բայց միահամուռ, նաև նշում էին՝ ունեն մտահոգություններ, ֆինանսական խնդիրներն էին մատնանշում, ժամանակ խնդրում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ- Վարագ Սիսեռեանը ակցիայի մասնակիցներին առաջարկեց ևս 12 աշխատանքային օր սպասել: Ընդերքի տեսչական մարմինն այստեղ սկսել է ստուգումներ իրականացնել, աշխատանքային խումբն էլ ձևավորված է, սպասում են վերջնական եզրակացության:

«Նախ պետք է բռնությունը բացառել, այսօր մենք խնդիր ունենք, պետք է հասկանանք, որ բռնություն կիրառելով այն չի լուծվելու»:

Սիսեռյանի պնդմամբ, մինչև ամսվա վերջ եզրակացությունը պատրաստ կլինի

Բողոքի ակցիայի մասնակիցները աշխատանք կորցնելու, սոցիալական հարցերի մասին  են բարձրաձայնում: «Ռադիոլուրի» զրուցակից Անի Խաչատրյանը «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունից է։ Նա  իր ընկերների հետ պայքարում է Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ և նորից է թվարկում ռիսկերը:

Խաչատրյանը վստահեցնում է՝ միջազգային կազմակերպություններն են եկել եզրահանգման, որ հանքը չպետք է չշահագործվի:

Նա համոզված է՝ աշխատանքային խումբն անաչառ վերլուծություն կանի ու կդադարեցնի Ամուլսարի հանքավայրի շահագործումը: Հակառակ դեպքում, կմտածեն, թե ինչպես են շարունակելու պայքարը:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button