Հասարակություն

Արցախի Տիգրանակերտում Տիգրան Մեծի ծննդյանը նվիրված տոնակատարություն

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»-ի համար՝ Ստեփանակերտից

Անցած շաբաթ՝ Հայոց հին տոմարով նավասարդի օրը, Արցախի Տիգրանակերտում նշվել է  Տիգրան Մեծ արքայից արքայի ծննդյան տարեդարձը: Նախաձեռնությունը  ազատամարտիկ «Տիգրան Մեծ» գնդի հիմնադիր հրամանատար, այժմ «Տիգրան Մեծ»-ի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի տնօրեն  գնդապետ Կորյուն Ղումաշյանինն ու նրա համախոհներինն է:

 

Արցախի Տիգրանակերտում  ազգային երաժշտություն էր հնչում , զինվորական համազգեստով մի խումբ  պատանիներ ու աղջիկներ խրոխտ ռազմապարեր էին պարում: Ամրոցից քիչ հեռու զբոսաշրջիկների ուշադրությունը գրավում էր լարախաղացը: Հաղորդավարը պատմում էր Նավասարդյան խաղերի ու Հայոց Արքա Տիգրան Մեծի մասին: Արցախի Տիգրանակերտի հողից բացված հրաշքի մասին, որը եկավ  հզոր կռվանի նման կանգնեց հայրենատիրության գաղափարին  ի պաշտպանություն: Տիգրան Մեծի ծննդյան տոնակատարությանը   կազմակերպիչներն այս տարի յուրահատուկ խորհուրդ էին տվել, որը մեկանբանում է «Վահագն» Ռ.Հ.Բ.Հ.Կ հիմնադիր նախագահ  Մորուք Կարո Կարապետյանը:

Միջոցառումը, որի ուղերձը  արցախցիների հետ միասին հայրենատիրության գաղափարին տեր կանգնելն էր, բազմամարդ չէր.  ներկա էին մի խումբ հրավիրյալներ, միջոցառման կազմակերպիչները եւ Տիգրան Մեծ ռազմամարզական կրթահամալիրի սաները, Տիգրանակերտը պեղող հնագետները եւ այդ օրը Տիգրանակերտի թանգարան այցելած զբոսաշրջիկները:

Ինչպես Ռադիոլուրին  տեղեկացրին կազմակերպիչները, իրենք Արցախում բնակվողներին միջոցառմանը մասնակից  դարձնելու խնդիր չունեին, իսկ մայր Հայաստանից, չնայած ցանկացողների բազմությանը, տրանսպորտային խնդիրների պատճառով ավելի մեծ թվով մարդիկ չեկան Արցախ:

Միջոցառման հրավիրյալներից էին 2014 թվականի հուլիսից  2016- ապրիլյան պատերազմ ժամանակաշրջանում հայրենիքի  պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամները: Տիգրանակերտի պատերի ներքո Աննա Կոստանյանի «Անմահության մարտիկները» ժողովածուի խորհրդանշական ներկայացումը տեղի ունեցավ: Գրքի շնորհանդեսն անցյալ դեկտեմբերին Երեւանում էր, արցախցի նահատակներից ոմանց հարազատները  այդ միջոցառմանը ներկա չէին եւ ահա հեղինակը  հենց Տիգրան Մեծին նվիրված միջոցառմանը նրանց փոխանցեց գրքերի օրինակները եւ 18 նկարիչների կողմից նկարված հերոսների դիմանկարները:

Միջոցառման կազմակերպիչը Կորյուն Ղումաշյանը առողջական խնդիրների պատճառով այդ օրն Արցախում չէր: Նրա ուղերձում նախ կոչ-հորդոր կար ազատագրված հայրենքի այս կտորն այլես Աղդամ չկոչել այլ Տիգրանակաերտ: Միջոցառման   կազմակերպիչները կարծում են, որ պետք է հրաժարվել արհեստականորեն մեր մտածելակերպ ներմուծվող «գրավյալ տարածք» եզրից  եւ տեր կանգնել հայրենիքի բոլոր հատվածներին:

Նավասարդյան տոնակատարությունը , որը նվիրված էր Հայկի եւ Բելի` բարու եւ չարի ճակատամարտին հայոց հինավուրց եւ սիրված տոներից էր:  Կարո Կարպետյանը հաստատում  է այդ տոնին Տիգրան Մեծի ծննդյան տոնակատարումը պետք է մշտապես նշվի հենց ազատագրված տարածքում:

Միջոցառմանը մասնակից Տիգրան Մեծ կրթահամալիրի սաների մի մասը առաջին անգամ էր Արցախում: Տեսածն ու զգացածը`ազատագրվածի ու գերվածի ճակատագրում սեփական դերն իմաստավորել են:

Արցախի Տիգրանակերտում Տիգրան Մեծի ծննդյան օրը նշելու   գաղափարը կազմակերպիչները հուսով են, որ  առաջիկայում  համաժողովրդական ու պետական գաղափարախոսության մաս կկազմի:

Ցուցադրել ավելի
Back to top button