Հասարակություն

Որքանո՞վ են վրացական ափերին հանգստացող հայերը տուժել այս օրերի հեղեղումներից

Հորդառատ անձրեւներն ու դրանց հետեւանքով ջրհեղեղներն այս օրերին լուրջ խնդիրներ են ստեղծել գրեթե ողջ Աջարիայում. տեղի բնակիչներից բացի դրանք պատուհասել են նաեւ Վրաստանի այս ինքնավար հանրապետության սեւծովյան առողջարաններում հանգստացող հյուրերին, որոնց թվում խիստ մեծաթիվ են հայերը:
Ի՞նչ խնդիրների են բախվել հանգսի մեկնած մեր հայրենակիցներն, ու արդյոք նրանք օգնության կարիք ունեն:

 

Հայաստանն այս տարի Վրաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ հոսք ապահոված երկրների առաջին եռյակում է: Հայաստանի զբոսաշրջիկների շրջանում աջարական լողափերն այս տարի եւս մեծ պահանջարկ են վայելում: Լողափերին հայերն այնքան շատ են, որ վրացական լրատվամիջոցները նույնիսկ գրում են, թե Ուռեկին ու Քոբուլեթին խոսում են հայերեն: Որքանո՞վ են խանգարել նրանց հանգիստը այս օրերի եղանակային անորմալ երեւույթները, արդյոք մեր հայրենակիցները փրկարարների օգնության կարիք ունեցել են այս իրավիճակում: Զրուցակիցս՝ Լիլիթ Մուրադյանը, ընտանիքի հետ Քոբուլեթիում է, ներկայացնում է իրավիճակը, որում հայտնվել են:

«Հնարավոր չէր նույնիսկ դուրս գալ տանից: Մենք ուղղակի գամված էինք տանը: Մի քանի օր է՝ այստեղ ենք, որոշ օրերի նույնիսկ անհնար է եղել ափին մոտենալ, ալիքներն այնքան բարձր էին ու շատ: Մենք բնակվում ենք բարձր հարկում, իսկ առաջին հարկում բնակվողները հեղեղներից տուժել են: Փրկարար ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով,  ոստիկանական խմբերն էլ շրջում են անընդհատ»:

Լիլիթ Մուրադյանի փոխանցմամբ՝ հանգստի մեկնած, սակայն դժվարության մեջ հայտնված հայերը միմյանց են օգնության ձեռք մեկնել, թեեւ փրկարարների ներկայությունը զգացվել է ամեն պահի:

«Ես չգիտեմ՝ իրենք դիմել են փրկարար ծառայություն, թե ոչ: Բայց մեկս մյուսին աջակցում էինք: Կային մարդիկ, ում տունը հեղեղվել էր, նրանց հրավիրել ենք մեր տուն: Մեկ գիշեր մեր տանն են անցկացրել երեխաների հետ»:

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մշտական կապի մեջ է վրաց գործընկերների հետ: Կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը «Ռադիոլուրին» փոխանցում է գործընկերներից ստացված ճշգրտված տեղեկատվությունը՝ իրավիճակը վերահսկելի է:

«Օգոստոսի 11-ի ժամը 2.30-ի դրությամբ որեւէ գանգատ, արտակարգ, դժբախտ պատահարների առաջացման մասին ահազանգեր եւ տեղեկատվություն չի ստացվել: Մենք մշտական աշխատանքային կապի մեջ ենք մեր վրացի գործընկերների հետ: Իրավիճակը վերահսկելի է, նորմալ է»:

Եղանակային կանխատեսումների համաձայն՝ Սեւ ծովում նոր ալեկոծություններ են սպասվում: Վրացի գործընկերները Ճգնաժամային կառավարման հայ մասնագետներին վստահեցրել են, որ համապատասխան ծառայությունները աշխատում են օպեատիվ ռեժիմով ու մշտական կապի մեջ են լինելու այստեղի հետ: Հովհաննես Խանգելդյանը փոխանցում է իր խորհուրդն ու հորդորը հանգստի մեկնածներին:

«Ավելորդ ռիսկերի չգնալ, պատրաստ լինել արձագանքելու: Անհանգստանալու կարիք չկա, մարդիկ կարող են շարունակել հանգստանալ, ուղղակի վտանգավոր ժամերին զգոն լինել, նախազգուշացումները երբեք չանտեսել, ռեժիմի խախտումներ չանել: Ուղղակի զգույշ լինել եւ շարունակել վայելել իրենց հանգիստը: Որեւէ խնդիր չկա»:

Այս օրերին շարունակե՞լ մեկնել վրացական լողափեր, թե՞ ոչ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի խոսքով, ամեն քաղաքացու որոշումն է, բայց մասնագետը փոխանցում է իր հորդորը՝ երբեք ոչ մի դեպքում չանտեսել փրկարար ծառայությունների նախազգուշացումները:

 

Ցուցադրել ավելի
Back to top button