ՀասարակությունՄշակույթ

Հաղարծինի շաբաթը շարունակվում է, իսկ Հաղարծին համայնքն այսօր նշում 200- ամյակը,

Օգոստոսի 6-ին Հաղարծին վանական համալիրում մեկնարկել է  արդեն ավանդական դարձած «Հաղարծինի շաբաթ»-ը: Այս տարի Հաղարծին համայնքն էլ տոնում է հիմնադրման 200- ամյակը։ Շաբաթվա ընթացքում վանքի տարածքում անցկացվում են ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, ավանդական գաթայի, սալիի և այլ քաղցրավենիքների պատրաստման ցուցադրություն, ազգային պարերի ուսուցում: Ամբողջ շաբաթն ուղեկցվում է եկեղեցական արարողություններով, երգեցողությամբ ու աղոթքով, պարբերաբար անցկացվում են հոգևոր զրույցներ։

 

Արմատներով Ադանայից, այսօր Ուրուգվայում ապրող մեր հայրենակից Անդրանիկ Համբարձումյանն առաջին անգամ է Հայաստանում: Մինչ այս Հայաստանի մասին շատ է լսել, հիմա լսածից առավել քան տպավորված է: Հայաստանը հրաշալի է, իսկ Հաղարծինը՝ բացառիկ մի վայր՝ ասում է: Եթե չայցելեի այստեղ՝ գուցե համարեի, որ Հայաստանը չեմ տեսել՝ շեշտեց սփյուռքահայ մեր հայրենակիցը:

Հաղարծին ժամանող հյուրերին առաջինը դիմավորողն, ապա նաեւ ճանապարհողը վանական համալիրի ավտոկայանատեղի հսկիչն է՝ Ռազմիկ պապը: Ասաց, որ այստեղ աշխուժությունը նկատելի է ամեն օր, իսկ այս օրերին այցելուների հոսքը շատ ավելին է:

Այցելուները եւ հատկապես կամավոր երիտասարդները, որոնց հիմնական մասը հենց Տավուշի մարզից են, շաբաթվա ընթացքում սովորում ու կատարում են հոգևոր, հայրենասիրական, ժողովրդական երգեր, պարեր:

«Հաղարծնի շաբաթվա» շրջանակներում երիտասարդ կամավորները յոթ օր շարունակ ժպիտով ու բարեհամբույր վերաբերմունքով, այսպես ասենք, «ստիպում են», որ այստեղ մեկ անգամ այցելողը կրկին վերադառնա:

Մեկ շաբաթով կենդանի քաղաք դարձած Հաղարծնի վանքում երիտասարդ կամավորները այցելուներին դիմավորում են խորհրդանշական կանաչ շապիկներով՝ ներկայացնում շաբաթվա ընթացքն ու ծանոթացնում վանքի պատմությանը։

Շաբաթվա մեկնարկը տրվել է օգոստոսի 6-ին: Փառատոնի նախաձեռնությունը Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի երիտասարդներինն է: Նրանց էլ  մշտապես աջակցում է թեմի հոգեւոր առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

«Տարբեր տեսանկյուններից դիտարկել, քննարկել, գնահատել են «Հաղարծնի շաբաթը»: Ոմանք գնահատել են տուրիզմի զարգացման տեսանկյունից, բայց ինձ համար մնում է բարձրակետը մեր երիտասարդությունը. իրենց կյանքը, իրենց համախմբումը՝ հատկապես հոգեւոր-մշակութային այդ բարձր արժեքների միջոցով»,- ասում է սրբազանը:

Ցուցադրել ավելի
Back to top button