Հասարակություն

Ամառային զորակոչն ավարտվեց, հանրապետական հավաքակայանում այսօր ճանապարհել են վերջին նորակոչիկներին

 «Զորակոչի պլանը կատարել ենք բարձր մակարդակով»,-լրագրողների հետ զրույցում վստահեցրել է ՀՀ գլխավոր զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը: Վերջինի տեղեկացմամբ, հայկական բանակում ծառայելու նպատակով  Սփյուռքից ինքնակամ ներկայացող երիտասարդների թիվն այս տարի աճել է շուրջ 150-ով:

 

Հանրապետական հավաքակայանում այսօր ճանապարհեցին ամառային զորակոչի վերջին մասնակիցներին: «Ինչպես նախազորակոչային փուլը, այնպես էր բուն զորակոչը իրականացվել են բարձր մակարդակով»,- ամփոփելով ամառային զորակոչի արդյունքը, վստահեցնում է ՀՀ գլխավոր զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:

Զորակոչի պլանը կատարվել է ի հաշիվ մի քանի գործոնների: Նախ՝ Սփյուռքից ինքնակամ ներկայացող երիտասարդների թիվն այս տարի աճել է շուրջ 150-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանի բնորոշմամբ, Սփյուռքից ներգաղթը դեպի հայկական Զինված ուժեր մեծացել է:

Զինվորական ծառայությունից ազատվելու հիմք հանդիասացած  հիվանդությունների ցանկի առաջին հորիզոնականում, ըստ հանրապետության գլխավոր զինկոմի, սրտանոթային հիվանդություններն են:

Հենրիկ Մուրադյանի տեղեկացմամբ, ավելի քան հարյուր երիտասարդ ցանկություն է  հայտնել ծառայելու  «Ես եմ» ծրագրի շրջանակում:

Ամառային զորակոչի վերջին օրը հանրապետական հավաքակայանում այսօր համեմատաբար հանգիստ էր: Հանգիստ ու մարտական էր զինվորական համազգեստն  արդեն հագած ու զինվորական ճաշը փորձած տղաների տրամադրությունը:

Ստեղծման առաջին իսկ օրից ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գործուներության առանցքում  պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության ամրապնդման, հակակոռուպցիոն քաղաքականության մշակումն է: Կենտրոնի ղեկավար, պաշտպանության նախարարի ավագ օգնական, փոխգնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի խոսքով, վերոնշյալ ուղղություններով վերջին շրջանում լուրջ բարեփոխումներ են իրականացվել:

Ալեքսանդր Ավետիսյանի տեղեկացմամբ,   այսօր փորձում են վերանայել  նաև բանակում հեռախոսային կապից օգտվելու կանոնները: Անվտանգության գործոնը հաշվի առնելով, միաժամանակ փորձելու են ապահովել նաև ընտանիքի, հարազատների հետ զինծառայողների հեռախոսային շփումը:

Ցուցադրել ավելի
Back to top button