Քաղաքական

Հայաստանն ունի իր շահերը՝ անկախ պատժամիջոցներից

Հայաստանն ընդամենը երկու հարևան ունի, որոնց հետ հարաբերություններ գոյություն ունեն, սակայն դրանցից մեկի՝  Իրանի նկատմամբ սահմանած ամերիկյան պատժամիջոցները  հարցեր են առաջացնում նաև Երևանի համար: Նիկոլ Փաշինյանի Իրան հրանավոր այցը որքանով ազդեցություն կունենա Հայաստանի վրա միջազգային հարաբերություններում:

 

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը տեղին է համարում  Իրան ՀՀ վարչապետի հնարավոր այցը, ինչի մասին խոսվել էր ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ու ՀՀ-ում Իրանի դեսպան  Սեյյեդ Քազեմ Սաջջադի հետ հանդիպման ժամանակ։ Այդ հանդիպման ժամանակ նաեւ շեշտվել էր, որ  կառավարության ծրագրում հստակորեն ամրագրված է Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը, հետևաբար վարչապետի Իրան հնարավոր այցը պետք է դիտարկել այս համատեքստում։

Իհարկե հանդիպման հստակ ժամկետներ չեն նշվում առայժմ:  Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների պայմաններում ամենևին էլ վատ ֆոն չի ստեղծվի միջազգային ասպարեզում, քանի որ, ըստ քաղաքագետի, ԱՄՆ-ում ըմբռնումով են մոտենում Հայաստանի խնդիրներին:

ԱՄՆ Իրանի էներգետիկ ոլորտի վրա է նաև պատժամիջոցներ սահմանել  և  ՀՀ-ն դրանից բնականաբար տուժելու է՝ ասում է քաղաքագետը։ Միաժամանակ կասկածում է, թե այդ պատժամիջոցները իրականում հնարավոր է իրագործել։ Այդուհանդերձ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ճիշտ է համարում բալանսավորված հարաբերությունների  գոյությունը:

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը «Ռադիոլուրի»  հետ զրույցում նախ ընդգծեց, որ պետք է հաշվի առնել՝ երկրում իրավիճակ է փոխվել և պետք է երկու երկրների առաջնորդները համագործակցությունը խորացնելու, նաև նոր ծրագրեր կազմելու շուրջ քննարկումներ ունենան։ Առավել ևս, որ  Իրանը Հայաստանի համար կարևոր հարևան է. «ՀՀ ունի իր շահերը, անկախ պատժամիջոցներից»:

Իրանագետը բացառում է որևէ բացասական արձագանք Արևմուտքից Նիկոլ Փաշինյանի Իրան հնարավոր այցի դեպքում: Բոլորը լավ հասկանում են, որ ՀՀ 4 հարևաններից միայն երկուսի հետ հարաբերություններ ունի, և այդ երկուսից  յուրաքանչյուրը կենսական նշանակություն ունի մեզ համար: Ըստ այդմ՝ Արտյոմ Տոնոյանն ընդգծում է՝ որքան արագ իրականացվի ՀՀ վարչապետի Իրան այցը, այնքան ավելի լավ Երևանի համար։ Դա մեր շահերից է բխում՝ ասում է:

Ցուցադրել ավելի
Back to top button