Հասարակություն

Ինչն էր «Հաղթանակ» զբոսայգու՝ 3 ամիս առաջ փորձաքննված կարուսելի հանկարծակի խափանման պատճառը

«Հաղթանակ» զբոսայգու «Շղթաներ» կարուսելի աշխատանքի խափանման հետեւանքով հոսպիտալացված քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, վնասվածքը լուրջ չէ՝ «Ռադիոլուրին» տեղեկացրել է զբոսայգու տնօրինությունը: Ինչն էր կարուսելի անսարքության պատճառը, արդյոք այն անցել էր անվտանգության փորձաքննություն, եւ, առհասարակ, որքանով են անվտանգ հայաստանյան կարուսելները:  

 

29-ամյա քաղաքացին վնասվածք էր ստացել «Հաղթանակ» զբոսայգում՝ այսպես կոչված «Շղթաներ» կարուսելից օգտվելիս: Կարուսելը պտույտի պահին հանկարծակի կանգ է առել, շղթաներից կախվող աթոռներն անկառավարելի են դարձել, բախվել կարուսելը պահող հիմնական սյունին: Փրկարար ծառայությունում ահազանգը չէր ուշացել, մասնագիտական խումբը՝ եւս: Պատահածի վերաբերյալ փորձագիտական գնահատականը կտրվի 4 օրվա ընթացքում՝ «Ռադիոլուրին» փոխանցեց ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը, բայց եւ շեշտեց՝

«Կոնկրետ այս ատրակցիոնը  վերջնական փորձագիտական եզրակացություն ստացել է 2018-ի մայիսի 8-ին»:

Ինչն է եղել ընդամենը 3 ամիս առաջ փորձաքննության դրական պատասխան ստացած կարուսելի հանկարծակի խափանման պատճառը: «Հաղթանակ» զբոսայգու ղեկավարությունն արդեն տեխնիկական խնդրի պատասխանը գտել է, տնօրեն Թորոս Ումրիկյանը «Ռադիոլուրին» մանրամասնում է՝ խնդիրը եղել է հանկարծակի, նույնիսկ անհասկանալի աղմուկ չի լսվել:

«Խնդիրը եղել է ռեդուկտորից: Այն գնել բերել ենք 4 տարի առաջ, բայց նախապես իմանալ, թե այն երբ կփչանա, անհնարին է, չէինք կարող իմանալ»:

Բարեբախտաբար, քաղաքացին լուրջ վնասվածք չի ստացել, ունեցել է սալջարդ: Սա արդեն բուժօգնություն ցուցաբերած բուժհաստատության եզրակացությունն է:

Կատարվածի շուրջ աղմուկն, ասում է «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը, անհասկանալիորեն մեծ է: Իրականում զբոսայգու բոլոր կարուսելներն անցել են անհրաժեշտ փորձաքնություն՝ վստահեցնում է: Նույնիսկ տասնամյակներ շարունակ շահագործվող կարուսելներն իրենցից վտանգ չեն ներկայացնում, քանի որ մշտապես կարգի են բերվում: Թորոս Ումրիկյան:

 «Այն 25 կարուսելները, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում, որոնք ռիսկային են, ամեն տարի անցնում են փորձաքննություն: Մենք ինչպես կարող ենք մեր երեխաների մասին չմտածել»:

«Հաղթանակ» զբոսայգու ղեկավարի ասածը հաստատում են նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Հանրապետությունում այնքան շատ չեն կարուսելներն ու ատրակցիոնները, որ չկարողանանք բոլորը վերահսկողության տակ պահել՝ ասում է ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:

«Ընդհանուր առմամբ՝ գրանցված բոլոր ատրակցիոններն անցել են ամենամյա տեխնիկական ավտանգության փորձաքննություն: Այս տարի բացասական պատասխան ստացել է միայն մեկը»:

Օրենքի պահանջն է՝  բոլոր կարուսելները պետք է անցնեն փորձաքննություն, իսկ արդյունքներն անպայման պետք է փակցված լինեն տվյալ ատրակցիոնին հարակից տարածքում: Սա նաեւ ծնողների համար է՝ երեխաներին կարուսել տանելիս հավաստիանալ՝ արդյոք մասնագետներն անվտանգության երաշխիք են տվել:
Ստացվում է, որ փորձաքննությունն էլ անվտանգության երաշխիք չէ: Այնպես որ ծնողների կողմից էլ հավելյալ ուշադրությունը չէր խանգարի:

 

Ցուցադրել ավելի
Back to top button