Հասարակություն

ԵԼՔ-ն առաջարկում է Երևանում աղբահանող ևս մեկ օպերատոր ունենալ

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը  մոտ 20 օր առաջ  անձամբ է  խոսել  «Սանիտեք» ընկերության  տնօրենի հետ՝ պարզելու, թե  ինչու է քաղաքն աղբի մեջ կորած:  Տնօրինությունը  ավագանու անդամին խոստացել է   մոտակա մեկ-երկու օրերի   ընթացքում քաղաքը բերել   իդեալական վիճակի: Սակայն ընկերությունը այդպես էլ   խոստումը չի կատարել, քանի որ քաղաքը դեռևս թաղված է աղբի մեջ: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ  Խաժակյանն ասում է, որ այսօր ընկերության հետ պայմանագիրը խզելու բոլոր բավարար հիմքերը կան: Նա պատմեց, որ չորս տարի առաջ նախատեսված է եղել Երևանը բաժանել երկու պայմանական մասի՝ արևելյան ու արևմտյան: Այդ երկու մասերի համար պետք  է   հայտարարվեր մրցույթ,  իսկ շահագործումն էլ հանձնվեր աղբահանությամբ զբաղվող երկու օպերատորի: Այս դեպքում կլիներ մրցակցություն և պարզ կլիներ՝  թե ով է ավելի պատշաճ կատարում իր պայմանագրային պարտավորությունները:

 

Սակայն տարիներ  առաջ կնքվել է մի պայմանագիր միջազգային «Սանիտեկ» կազմակերպության հետ,  որը գրանցված է Բեյրութում, իսկ երկրորդ օպերատորի համար մրցույթ այդպես էլ չի հայտարարվել: Մի քանի օր առաջ գրանցել են «Սանիտեկ Ինթերնեյշնլ», որը հանդիսանում է այլ իրավաբանական անձ, սակայն այդ պայմանագրերի տակ ստորագրած անձը նույնն է, և նա է իրականացնում ամբողջ քաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը:

Պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար աղբահավաք ընկերությանը  Երևանի քաղաքապետարանը տուգանեց 25 հազար դոլարով։ Ընկերության  գործադիր տնօրենի օգնական Քրիստինե Հովհաննիսյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ  այդ որոշումը չեն բողոքարկելու:

Քաղաքապետարանի որոշման հրապարակումից առաջ  «Սանիթեքն»  իր դժգոհությունն էր հայտնել քաղաքային իշխանությանը՝ ներկայացրել  աղբանոցների ողբալի վիճակը,   աղբատար խողովակների հետ կապված խնդիրները  և այլն:  Ավագանու անդամ  Անի Սամսոնյանը նշում է, որ ընկերությունը  միշտ էլ  աշխատել է խախտումներով:

Ավագանու «Ելք խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ պնդում է, որ պետք է խզել պայմանագրերից մեկը, հայտարարել միջազգային մրցույթ, ներգրավել նոր օպերատոր, որը մայրաքաղաքի մյուս կեսում կիրականացնի աղբահանության և սանմաքրման աշխատանքներ:

Ի դեպ, «Սանիթեք»  ընկերություն գործադիր տնօրենի օգնականը չմեկնաբանեց նաև այսօր ասուլիսում հնչած «Ելք»-ի ավագանու անդամների դիտարկումները:

Արդյո՞ք  պայմանագրային պարտավորությունների  պատշաճ չկատարումը կարող է պատճառ հանդիսանալ պայմանագրի  խզման՝ Երևանի քաղաքապետարանից մեզ խոստացան պատասխանել հաջորդ շաբաթ:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button