Հասարակություն

Ապագա բժիշկները չեն խուսափում ծառայությունից, բայց տարկետում են պահանջում

Բժշկական համալսարան անվճար հիմունքներով ընդունված ուսանողները պահանջում են զինվորական ծառայության մեկնել ուսումն ավարտելուց հետո: ԵՊԲՀ-ի  ուսանողները  օրդինատուրայում  իրենց մասնագիտացման հարցը լուծելու համար ցանկանում են հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ։ Նրանք պնդում են՝ ըստ օրենքի, իրենք պետք է ստանան լեյտենանտի կոչում և այնուհետև զորակոչվեն բանակ, սակայն պաշտպանության նախարարությունը հրաժարվում է տրամադրել այդ, և փոխարենը առաջարկում է ինտերնատուրայի տարբերակը, ինչն էլ մի շարք խնդիրներ է առաջացնում և անընդունելի է ուսանողների համար:

 

Կառավարության որոշման համաձայն՝ բժշկական համալսարան անվճար հիմունքներով ընդունված ուսանողներն այս ձմեռ պետք է զորակոչվեն բանակ և զորակոչվեն որպես լեյտենանտ: Մինչդեռ, պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում բուհի շրջանավարտներին լեյտենանտի կոչում շնորհել, բարձրաձայնում է բուհի ուսանողներից Վարդան  Շահինյանը։ Նման կարգավիճակում գտնվող ուսանողները շատ չեն, 33 հոգի, ովքեր 6 տարի գերազանց են սովորել և օգտվել են անվճար համակարգից, ասում է նա: Իրենց մտահոգության մասին արդեն գրավոր դիմել են նախարարությանը: Պատրաստվում են իրենց խնդիրը ներկայացնել նաև հանրապետության վարչապետին:

Բժշկականի ուսանողները շեշտում են՝ չեն հրաժարվում ծառայությունից, ընդամենը պահանջում են լեյտենանտի կոչում ստանալու իրենց իրավունքը: Փոխարենը՝ պաշտպանության նախարարությունը առաջարկում է մեկ տարի սովորել ինտերնատուրայում, այնուհետև զորակոչվել բանակ՝ որպես լեյտենանտ։ Այս տարբերակի հետ էլ ուսանողները համաձայն չեն:

Ուսանողները նաև շեշտում են, եթե որպես  շարքային զորակոչվեն, ծառայեն և վերադառնան, այլևս չեն կարողանա օգտվել անվճար օրդինատուրայից։ Միևնույն ժամանակ, ինտերնատուրայում սովորելուց հետո կսահմանափակվի նաև իրենց հետագա մասնագիտական գործունեությունը, նկատեց Աբրահամ Թարվերդյանը:

Եթե այս ամենի մասին իրենք  ժամանակին իմանային, բանակ կզորակոչվեին դեռևս 18 տարեկանում և արդեն բանակից հետո կշարունակեին ուսումը բուհում և այսօր էլ նման փաստի առաջ չէին կանգնի:  Ի վերջո, որն է պատճառը, որ նախարարությունը հետ է կանգնում կառավարության որոշումից:  Ըստ Վարդան Շահինյանի՝ իբրև պատճառաբանություն, ՊՆ-ը նշում է համապատասխան հաստիքների բացակայությունը: Մեկնաբանություն ստանալու համար մենք ևս դիմեցինք ՊՆ: Նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ իրենց կողմից որևէ օրենք չի խախտվել:

Արդյո՞ք պատճառներից մեկն էլ այն է, որ իսկապես համապատասխան հաստիքներ չկան. հարցիս Արծրուն Հովհաննիսյանը նպատակահարմար գտավ չմեկնաբանել տվյալ պատճառաբանությունը, քանի որ դա նաև ռազմական գաղտնիք է: Միայն հայտնեց, որ ուսանողներին առաջարկվել են բավականին լավ պայմաններ և բողոքող ուսանողներից 11-ն արդեն համաձայնվել են աշխատել նախարարության առաջարկած պայմաններով:

Ցուցադրել ավելի
Back to top button