Հասարակություն

ՀՔԾ-ն դեռ չի շտապում տեղեկություն տրամադրել Հովիկ Աբրահամյանի հարցաքննության մասին

 

Մարտի 1- ի գործի քննության շրջանակներում երեկ հայտնաբերվել էր զենք եւ ռազմամթերք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքում: Նախկին պաշտոնյայի հետ ՀՔԾ-ում պետք է զրուցեն, բայց նրա եղբորը՝  Հենրիկ Աբրահամյանին արդեն մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք պահելու մասով:  

 

ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում է եւ չի լքել երկիրը՝ հաստատում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Ի՞նչ է ասել նախկին պաշտոնյան իրավապահներին՝ փաստացի իր ընտանիքին պատկանող տարածքում ապօրինի զենքի առկայության եւ եղբոր ձերբակալության մասին՝ Վանեցյանն ասում է՝ հարցն արդեն իրենց տիրույթում չէ:

Հատուկ քննչական ծառայությունից դեռ չեն շտապում տեղեկություն տրամադրել Հովիկ Աբրահամյանին հարցաքննելու մասին: Հիմնավորումը՝ նախաքննության գաղտնիությունն է: Միակ փաստը, որ կարող են այս պահին ասել իրավապահներն այն է, որ լուրջ կասկածներ կան, թե հայտնաբերված զենքը հնարավոր է կիրառված լինի մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ: Այդ օպերատիվ տվյալներով է ԱԱԾ-ն այցելել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գեւորգյանի անվամբ ձեւակերպված` Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածք:

Տարիներ անց արդյո՞ք հնարավոր է նույնականացնել այսօր հայտնաբերված զենքերն ու 10 տարի առաջ օգտագործված պարկուճները՝ այս հարցով «Ռադիոլուր»-ը դիմեց նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանին: Ձայնագրվել չցանկացավ, բայց բանավոր զրույցում հաստատեց, որ Հայաստանում կան բոլոր տեխնիկական հնարավորությունները այդ աշխատանքն իրականացնելու համար:

Հովիկ Աբրահամյանի հետ կապված ԱԱԾ գործողությունները չեն շտապում մեկնաբանել Հանրապետական խմբակցության պատգամավորները: Համենայնդեպս, նրանց ում դիմեց «Ռադիոլուր»-ը կամ պարզապես չցանկացան խոսել այդ թեմայով, կամ փոխանցեցին, որ հանգստի են եւ տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունեցել, կամ էլ պարզապես չէին պատասխանում հեռախոսազանգերին:

«Մարտի 1»-ի գործի շրջանակներում դեռեւս չբացահայտված փաստերի մասին օրեր առաջ ակնարկել էր փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը՝ Հանրային ռադիոյի «Ստատուս Քվո» հաղորդաշարի ժամանակ:

Վերադառնալով փաստերին՝ նշենք, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի փոխանցմամբ՝ «Մարտի 1»-ի գործով Հովիկ Աբրահամյանին եւ Սեյրան Օհանյանին մեղադրանք չի առաջադրվել, բայց «Մարտի 1-ի» քննությունը նոր թափ է ստացել:

Սասուն Խաչատրյանն, ի դեպ, այսօր հաստատել է, որ Հայաստանի համար հնչեղություն ունեցող մեկ այլ գործի՝ հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական գործ չի քննվում:

 

 

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button