ԿարևորՏնտեսական

Հեղափոխությունը տնտեսության վրա դրական է ազդում՝ վկայում է վիճակագրությունը

Ազգային վիճակագրական ծառայության տվյալները գոհացնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այսօր կառավարության նիստում նա տնտեսական զարգացումներից ու պետական կառավարման համակարգի ուռճացվածությունից է խոսել: Կառավարության ղեկավարը գործադիրի անդամներին տեղեկացրել է համակարգում լուրջ  բարեփոխումների են գնալու: Նաև հավելել է՝ Հայաստանի քաղաքացին պետք է տեղեկացված լինի, թե իր  միջոցները ինչի վրա են ծախսվում: Նիկոլ Փաշինյանի այս կարծիքը կիսում է նաև տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

 

Հայաստանի տնտեսության վրա հեղափոխությունը ոչ թե բացասական, ինչպես սովորաբար լինում է, այլ դրական ազդեցություն է թողել: Սա արձանագրված է պաշտոնական վիճակագրությունում, որի համաձայն, առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշերը խոստումնալից են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվերից գոհ է։

Քաղաքական փոփոխությունները ոչ միայն տնտեսական անկման չեն բերել, այլ՝ որոշակի ակտիվության՝ արձանագրում է Փաշինյանը:

Տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այս տարվա առաջին վեց ամսում դրականին զուգահեռ նաև բացասական միտումներ է արձանագրել: Նախ, դրականի մասին. Տնտեսությունն աստիճանաբար առողջանում է՝ ըստ փորձագետի: Բացի այդ, այս տարի առաջին անգամ առաջին կիսամյակում ավելի շատ վերադարձել են Հայաստան, քան մեկնել են Հայաստանից:

Փորձագետը կարծում է, որ նման տեմպերի դեպքում տարին ոչ թե արտագաղթով, այլ ներգաղթով կփակենք:

Բագրատ Ասատրյանը կարծում է, որ կառավարման համակարգում անարդյունավետ ծախսերը շատ են: Վարչապետն էլ կարծում է, որ պետական կառավարման համակարգն է ուռճացված։

Փաշինյանի խոսքով, բյուջետային հայտերի քննարկման ժամանակ հանդիպում են այնպիսի հայտերի, որ հավասարակշռված արձագանքել չեն կարողանում։ Ավելին, դրանք հումորի են վերածվում: Կառավարության ղեկավարը գործադիրի անդամներին տեղեկացրեց՝ լուրջ  բարեփոխումների են գնալու: Հավելեց՝  Հայաստանի քաղաքացին պետք է տեղեկացված լինի, թե իր  միջոցները ինչի վրա են ծախսվում:

Նիկոլ Փաշինյանի այս կարծիքը կիսում են նաև տնտեսագետ փորձագետները:

Ցուցադրել ավելի
Back to top button