Հասարակություն

Լսողության լրջագույն խնդիրներով ևս 7 երեխա լսելու հնարավորություն է ստացել

Նորածինների լսողության սկրինինգը, որի շնորհիվ լսողության բնածին խանգարումները հայտնաբերվում են շատ վաղ` հիվանդության դեռևս դրսևորում չունենալու փուլում, եզակի հնարավորություն  է ընձեռվում միջամտել և խուսափել երեխաների առողջության վրա անդառնալի հետևանքից` խուլհամրությունից: Մասնագիտական օգնության շնորհիվ այս փոքրիկների համար ապահովվում է նորմալ զարգացում, դպրոց հաճախելու, ընկերներ ունենալու և լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն:

2008 թվականից իրականացվող սկրինինգի միջոցով հայտնաբերվել է լսողության լրջագույն խնդիրներով շուրջ 200 երեխա, որոնց գրեթե կեսի մոտ հետագայում տեղադրվել է կոխլեար իմպլանտ: Այս սարքի շնորհիվ այդ փոքրիկների համար տեղի է ունենում հրաշք: Եվս 7 երեխա այսօր լսելու հնարավորություն է ստացել:

Մեկ  ամիս առաջ  «Էրեբունի» բժշկական կենտրոնում քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքում կատարված ականջախեցու  «Կոխլեար» իմպլանտացիայից հետո նրանց է միացվել նաև խոսակցական պրոցեսորը, ինչի արդյունքում առաջին անգամ երեխաները լսել են արտաքին աշխարհի ձայները:

2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն՝ ականջախեցու «Կոխլեար» իմպլանտի տեղադրում:  Երկկողմանի ծանր լսողության և խլության դեպքում  «Կոխլեար» իմպլանտացիան ձայները լսելու միակ միակ հնարավորությունն է:

Ծրագիրը Հայաստանում իրականացնում են  «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի մասնագետները՝ ԱՄՆ UCLA կլինիկայի պրոֆեսոր Ակիրա Իշիմայի հետ:  «Հայկական միջազգային բժշկական կազմակերպություն-հիմնադրամի» օգնությամբ էլ ձեռք են բերվում թանկարժեք իմպլանտները:

2004 թվականից մինչ օրս Հայաստանում այս միջամտության արդյունքում 100-ից ավելի երեխա արդեն լսում և խոսում է: Այս վիրահատությունները կատարելու համար անհրաժեշտ է մասնագիտական լուրջ թիմ ու տեխնիկական հնարավորություններ: Կատարված բոլոր վիրահատությունները բացառապես դրական ելքով են:

Ցուցադրել ավելի
Back to top button