Միջազգային

Լոնդոնում Վրաստանի դեսպանատան մոտ ձերբակալել են հակավրացական կարգախոսներ հնչեցնող լրագրողի

Մեծ Բրիտանիայի իրավապահները Լոնդոնում Վրաստանի դեսպանատան մոտ ձերբակալել են լրագրող Գրեմ Ֆիլիպսին: Նա 2008 թվականի օգոստոսյան դեպքերի 10-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի ժամանակ  Վրաստանի և ՆԱՏՕ-ի դեմ կարգախոսներ է հնչեցրել՝ ռուսաստանյան լրատվամիջոցների  փոխանցմամբ լրագրողներին հայտնել է Մեծ Բրիտանիայում Վրաստանի դեսպան Թամար Բերուչաշվիլին:

«Դիվանագիտական ոստիկանությունը, որին կանչել են տեղում, օպերատիվ է գործել և ձերբակալել է Գրեմ Ֆիլիպսին»,- ասել է Բերուչաշվիլին:

Վրաստանի ԱԳՆ-ից նույնպես հայտնել են լրագրողի ձերբակալության մասին՝ նշելով, որ նա  նկարահանել է ցուցահանդեսն առանց թույլտվության, բարձրաձայն հնչեցրել ՆԱՏՕ-ի դեմ կարգախոսներ և մեղադրել Վրաստանին բրիտանական լսարանին սխալ տեղեկություններ տրամադրելու համար:

Ֆիլիպսը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, նա աշխատել է որպես Ուկրաինայում ռուսական RT լրատվամիջոցի արտահաստիքային թղթակից:

2008 թվականի լույս օգոստոսի 8-ին սկսվեց  ռուս-վրացական պատերազմը, որը հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։ Այն տևեց 5 օր և ավարտվեց վրացական կողմի պարտությամբ։ Դրանից հետո ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button