Հասարակություն

08.08.2018. հարսանիքների ու կեսարյանների ակտիվ օր

Այսօր օրը տոնական չէ, հանգստյան էլ չէ, բայց հենց այս օրն իրենց համար հիշարժան դարձնել փորձողների թիվն է մեծ:  Այսօր ծրագրված են սովորականից շատ հարսանիքներ, պլանային կեսարյան հատումով շատ ծնունդներ էլ ծնողները նախընտրել են կազմակերպել հենց այսօր:

 

08.08.2018. այսօրվա ամիս-ամսաթիվը գեղեցիկ ու խորհրդանշական է թվացել շատ հայ զույգերի. շատերը դեռ ամիսներ առաջ են շտապել այս օրն ամրագրել իրենց հարսանեկան եկեղեցական արարողությունը գրանցելու համար: Այսօր սովորականից ավելի` ամենաակտիվ օրերի չափ հարսանիքներ են անցկացվելու Սաղմոսավանքում` «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է Տեր Օշին քահանա Հայրապետյանը: Ակտիվությունը մեծ է` ասում է:

«Հայերի մտածելակերպին բնորոշ է, ինչպես մեքենա գնելիս են ուզում համարները կրկնվող լինեn, այսպես էլ այս դեպքում ուզում են իրենց պսակադրության օրը «գոլդ» թիվ լինի: Ուղղակի ժողովրդի մոտեցում է` ճոխացնելու, շոուներին մոտեցնելու։ Այստեղ ոչ եկեղեցական ինչ-որ խորհուրդ կա, ոչ էլ սնահավատություն է, ոչ էլ ինչ-որ հատուկ օր է, որ պսակադրություն անեն»,- ասում է տեր հայրը:

Պլանային կեսարյան հատման ցուցում ունեցող ընտանեկան շատ զույգեր եւս նախընտրել են իրենց բալիկի ծննդյան օրը կազմակերպել հենց այսօր: Ութերով թվերի համադրությունը գեղեցիկ համարելով` գեղեցիկ ապագա են ենթադրում: Ժամանակին այս միտումն ավելի նկատելի էր` «Ռադիոլուրին» ասում է մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը: 2012-2013-ից հետո փոխվել է` զգալիորեն նվազել:

Զրուցակիցս ամեն դեպքում տարօրինակ է համարում, երբ երեխայի ծնունդը փորձում են համադրել թվերի, տարեթվերի հետ: «Ինձ համար դա բավականին տարօրինակ է: Բայց եթե պացիենտը դիմում է, եւ դրան այս ընթացքում ցուցված է կեսարյան հատում, իհարկե, մենք կարող ենք ընդառաջել»:

Մարդկանց դուր են գալիս համահունչ ներդաշնակ թվերը, դրանք պաշտպանվածության զգացողություն են տալիս, դրական սպասումների հիմք դառնում` կարծում է հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը: «Գուցե դա նախապաշարմունք է, բայց քանի որ մարդուն հատուկ է կատարելության ձգտումը, դա դրսեւորվում է նաեւ ներդաշնակ թվերին ձգտելով:  Նումերոլոգիան հին ուսմունքներից է, որոնք հիմա գիտական հոգեբանությամբ չեն ընդունվում, բայց ժամանակին բավականին լրջությամբ ուսումնասիրվել են»:

Արդյո՞ք թվերը կպայմանավորեն մարդու հետագա երջանկությունը` հարց է: Իրականում կյանքի հետագա ընթացքի վրա ազդող ավելի ծանրակշիռ գործոններ կան, սակայն թվերի միջոցով ներդաշնակություն փնտրելն ավելի հեշտ է` կարծում  է հոգեբանը:

Տեր Օշին քահանա Հայրապետյանն էլ փոխանցում է` մեծ թվով հարսանիքներ ծրագրված են ոչ միայն 08.08-ին, այլեւ 18.08-ին ու ոչ միայն: Ովքեր չեն հասցրել գրանցել, իրենց համար կարեւոր առիթները 28.08.2018-ին են ամրագրել: Քահանան խորհուրդ է տալիս ամեն դեպքում պատեհապաշտությանը չտրվել, առաջնահերթորեն հետեւել առավել կարեւոր սկզբունքների:

Ցուցադրել ավելի
Back to top button