Հասարակություն

Քոչարյանի փաստաբանները չարձագանքեցին դատախազության որոշմանը

Երեկ Հանրապետական կուսակցությունից, եթե կարելի է այսպես ասենք, «գաղտնազերծեցին» ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագիր ստորագրած պատգամավորի անունները: Թավշյա հեղափոխությունից հետո խմբակցությունում մնացած 50 պատգամավորից փաստաթուղթը ստորագրել է 41 պատգամավոր: Նրանց միացել են եւս երեքը դաշնակցություն եւ մեկը «Ծառուկյան» խմբակցություններից: Այսօր առավոտվանից, սակայն, պարզ դարձավ, որ 45-ի միջնորդությունը որեւէ ազդեցություն չունեցավ:

 

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ: ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է 45 պատգամավորի անձնական երաշխավորագրով միջնորդությունը՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար: Կառույցում երեկվանից էին քննարկում Գլխավոր դատախազությանն ուղղված փաստաթուղթը: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանն ասաց, որ «այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զորու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»:

Քոչարյանի փաստաբանները որեւէ գնահատական չտվեցին Գլխավոր դատախազության որոշմանը: Վերջին օրերին նրանք թիրախում էին հայտնվել: Սպառնալիքներ են ստացել՝ հատկապես սոցիալական ցանցերի միջոցով: Հարցն այնպիսի հնչեղություն ստացավ, որ խնդրին միջամտեցին Փաստաբանների պալատի նախագահը, արդարադատության նախարարը եւ Մարդու իրավունքների պաշտպանը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կոչ է արել «հարգել փաստաբանի մասնագիտական աշխատանքը եւ չնույնացնել փաստաբանին իր վստահորդի հետ»: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ փաստաբանների պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ թույլ տալու դեպքերի առիթով գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Մինչեւ դատարանի կողմից կայացրած մեղադրական դատավճռի ուժի մեջ մտնելը յուրաքանչյուր մեղադրյալ համարվում է անմեղ, ուստի՝ փաստաբանը չի կարող ստանձնել դատավորի դերը եւ հրաժարվել որեւէ անձի պաշտպանությունից՝ ելնելով նրա մեղավորության կանխավարկածիցՊետք է բացառել փաստաբանների դեմ ուղղված ատելության ալիքն ու խոսքը»:

Մարդու իրավունքների պաշտպանը փաստաբաններից բողոք չի ստացել, բայց հարկ է համարել անդրադառնալ խնդրին: Փաստաբանի մասնագիտական աշխատանքի վերաբերյալ պետք է ձեւավորվեն իրավական ճիշտ ընկալումներ, իր ֆեյսբուքյան էջում գրել է Թաթոյանը:

Քոչարյանի փաստաբանները թերեւս պատրաստվում են վաղը վերաքննիչ դատարանում կայանալիք նիստին:  Այս դեպքում իրենք են բողոքարկում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Իբրեւ գործը քննող դատավոր արդեն շրջանառվում է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի անունը: Ուշագրավ է այն, որ նա 1998-1999թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ: Այսպիսով՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը քննելու է նրա նախկին ենթական: Դատական զարգացումների ընթացքը պարզ կդառնա վաղը:

Ցուցադրել ավելի
Back to top button