Հասարակություն

«Սասնա ծռեր»- ի դատավարություն. Պավլիկ Մանուկյանի խափանման միջոցը չփոխվեց

Երևանի ընդհանուր իրավասության  դատարանն այսօր  «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների անձնական երաշխավությամբ  ու 1,5 մլն գումարի դիմաց  ազատ արձակվեց «Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եզիազարյանին, սակայն մերժեց  Պավլիկ   Մանուկյանի խափանման միջոցը փոխելու  միջնորդությանը։ Մանուկյանը մնաց կալանքի տակ։

Դեռևս հուլիս ամսին  այս գործով մեղադրյալներից Պավել Մանուկյանը սենսացիոն հայտարարություն արեց։ Այսօր էլ արդեն երրորդ անգամ կրկնեց, որ խմբի անդամներից սպանված ոստիկանի ուղղությամբ կրակել է  ոչ թե Արմեն Բիլյանը, այլ խմբի մեկ այլ անդամ՝ Էդվարդ Գրիգորյանը, իսկ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը: Այլ մանրամասներ ևս հայտնեց:

 

«Ես արդեն  հայտարել եմ  որ դա բացարձակ ճշմարտություն է: Եթե այս քայլն Էդվարդ Գրիգորյանի փոխարեն կատարած լիներ Արամ Մանուկյանը՝ իմ տղան, ես հայտարարելու էի, որ այդ պատահական կրակոցի հեղինակն իմ տղան է, չնայած Արամ Մանուկյանն ինքն էր ասելու, որ ես եմ: Կրակոցին ականատես եմ եղել ես, մեկ մետր հեռավորության վրա է եղել և քիչ էր մնում պատահաբար զոհվեր նաև մեր Լամբարյան Արմենը։ Պատահական կրակոց։ Իսկ բանկոմատին վերաբերող՝ ոչ մեկս էլ տեղյակ չենք եղել, բացառությամբ իրենից»։

Մանուկյանը պատմեց նաև, որ  ոստիկան Գագիկ Մկրտչյանին վիրավոր վիճակում օգնել են, տեղափոխել են անվտանգ տարածք, մոտ կես ժամ  Մկրտչյանը   խոսել  է իրենց հետ: Ինչ վերաբերում է Արմեն Բիլյանին, ապա, Մանուկյանի պնդմամբ, նա ընդհանրապես այնտեղ չի եղել, այլ եղել է  դարպասների մոտ, իսկ դեպքը եղել է զինանոցի կողքի սենյակում:  Պավլիկ Մանուկյանի  այս հայտարարությունն   այսօր ազդեց  դատաքննության ընթացքի վրա  և մեղադրող-դատախազը հարցաքննեց Էդվարդ Գրիգորյանին ու Մխիթար Ավետիսյանին, ովքեր գտնվում են ազատության մեջ:

Իսկ ինչո՞ւ նախաքննության ընթացքում  նման ցուցմունք չէր տալիս Պավլիկ Մանուկյանը,  եթե, ինչպես ասում է, արդարության կողմնակից է՝ հարցրեց դատավոր  Մեսրոպ Մակյանը.

«Այդ մասին ավելի վաղ չի  հայտնել դատարանին, որովհետև արդար դատավարություն չի  ակնկալում»:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը սակայն նշեց, որ խմբի անդամները միմյանց հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, թե ով ինչ հայտարարությամբ պետք է հանդես գա, սակայն  խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն  արձագանքեց. «Չկա համագործակցություն քննությանը, դատարանին մոլորեցնելու»:

Այս պահի դրությամբ կալանքից ազատ են արձակվել զինված խմբի 23 անդամները և ևս 4 հոգի, ովքեր մեղադրվում են խմբին օժանդակելու մեջ: Կալանքի տակ շարունակում են մնալ «Սասնա ծռերի» առանցքային անդամներ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, և ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button