Հասարակություն

Ներգնա տուրիզմը մեծ հոսք է գրանցել. Հայաստանով հետաքրքրվածների մեծամասնությունը Արեւելքից են

Հայաստանում ներգնա տուրիզմն այս տարի մեծ հոսք է գրանցել և նաև ընդլայնվել է Հայաստանով հետաքրքրվող երկրների աշխարհագրությունը։ Այս տեղեկությունը «Ռադիոլուրն» ստացել է զբոսաշրջությանը ընկերություններից մեկից։ Զբոսաշրջության կոմիտե հղած մեր հարցերին պատասխան չենք ստացել։ Փորձել ենք գնահատել հայաստանյան զբոսաշրջությանը շուկան՝ առանց պետական մարմնի տեղեկությունների։

 

Հայաստանում ներգնա տուրիզմի աշխարհագրությունը գնալով ընդլայնվում  է: Այս տարի գրանցվել է  զբոսաշրջիկների մեծ հոսք՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց «Ռիմա թրավել» ընկերության  տնօրեն Ռիմա Խաչատրյանը: Որքա՞ն է նրանց թիվը, տուրիզմի ո՞ր ճյուղերն են առավել հետաքրքրում զբոսաշրջիկներին ու մի քանի հարցերի պատասխաններ փորձեցինք նաև  ստանալ Զբոսաշրջության կոմիտեից։ Երկար ժամանակ դա մեզ չհաջողվեց: Կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը մեկնում է երկրից՝ ասացին։ Այնուհետև պարզվեց՝ կոմիտեի նախագահը  ֆեյսբուքյան հարցազրույց ունի եւ խորհուրդ տվեցին՝ դրանից օգտվել։

Հարցերի պատասխանը, որն ակնկալում էինք պետական կառույցից, ավելի պրոֆեսիոնալ տվյալներ ստացանք մասնավոր կառույցներից։

Հայաստանով հետաքրքրվածների մեծամասնությունը Արեւելքից են՝ չինացիներ, հնդիկներ,  արաբներ, նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցները՝  ասում է Ռիմա Խաչատրյանը:  Սփյուռքահայերի Հայաստան մեծ հոսքը պայմանավորում է թավշյա հեղափոխությամբ:

«Բավականին հայեր գալիս են Հայաստան տեսնելու, թե Հայաստանում ինչ փոփոխություններ կան, որքանով է Հայաստանը զարգացման գնացել, ինչ  առաջխաղացումներ կան այստեղ»:      

2012 թվականից Հայաստանի գրավչություններով հետաքրքրված են նաև տեղացի  զբոսաշրջիկները: Պատճառը սոցփաթեթների  ներդրումն էր։ Դրանց միջոցով  շատ հայաստանցիներ բացահայտեցին  Հայաստանի տեսարժան վայրերը՝ նկատում է ընկերության տնօրենը:

«Բացի այն, որ  տրվում է 72 հազար դրամ,  մարդիկ արդեն ավելացնում են հավելյալ գումար և  կարողանում են Հայաստանի որևիցե մի վայրում   լիարժեք հանգստանալ»:

Հայաստանում հիմնական ուղղություններն էլ  Տաթևի վանքն ու «Տաթեւեր» ճոպանուղին են, պատմամշակութային հուշարձաններն ու  հնագիտական վայրերը:

Էքսկուրսավար Քնարիկ Միրզոյանը հետաքրքրությունների  շարքում ընդգրկում է նաև ավանդական խոհանոցը, ծիսակարգերը: Եղել են նաև  զբոսաշրջիկներ, որոնք հետաքրքրվել են  հայերի ծագումնաբանությամբ՝ ասում է.

«Ինչպե՞ս են առաջացել, ո՞ր ցեղերից, պատմական ինչպիսի՞ ճանապարհ է անցել Հայաստանը, ինչպե՞ս է ձևավորվել: Հատկապես Մոսկվայից, որ եկել էին»:  

Զբոսաշրջիկներին հետաքրքրում է նաև Արցախը.

«Թե ինչպիսի՞ զարգացում ունի Արցախը, ինչպե՞ս են ապրում մարդիկ պատերազմից հետո»:  

Կորպորատիվ տուրիզմի մասնակիցների ընդունելությամբ զբաղվող «Ակտիտուր»  ընկերության հիմնադիր տնօրեն  Գայանե Հայրապետյանը «Ռադիոլուր»- ի հետ զրույցում նշեց, որ  այս տարի կորպորատիվ տուրիզմի հոսքերը նվազել են: Պատճառները մի քանիսն են:

«Ռուսաստանյան շուկայի համար  նորից բացվել են Թուրքիան և Եգիպտոսը, որը փաթեթային առումով գնային առաջարկը այդ երկրների շատ  ավելի մատչելի է, քան՝ Հայաստանի առաջարկը»:    

Ռուսաստանից տուրիստների թվի նվազման պատճառներից մյուսը,  ըստ ընկերության տնօրենի, նաև  դեպի Հայաստան  ավիատոմսերի գինն է: Տոմսերի թանկությունից դժգոհեց նաև  «Ռիմա թրավել» ընկերության տնօրեն:

«Օրինակ, Երևան-Ռոստով ուղղությունը թանկ է»:  

Հայաստանում տուրիզմի զարգացմանը զարկ տալու համար, ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ  պետք է լինի տուրօպերատորների և տուրիստական գործակալությունների միջև համագործակցություն, իրականացվի պատշաճ աղբահանություն,  ճանապարհներին լինեն  բովանդակալից ցուցատախտակներ, վերանորոգվեն ճանապարհներն ու  տեղադրվեն բիոզուգարաններ: Այսինքն՝ հարցեր, որ կախված է ոչ թե մասնավոր ընկերությունների, այլ պետական կառույցների աշխատանքից։

Ցուցադրել ավելի
Back to top button