Տնտեսական

Գներն անընդհատ փոփոխվում են, սակայն տնտեսագետները գնաճի մակարդակից անհանգստանալու պատճառ չեն տեսնում

Վերջին օրերին գնաճի վերաբերյալ հակասական տեղեկություններ շրջանառվեցին: Անդրադառնալով թեմային՝ որոշ լրատվամիջոցներ արձանագրեցին գնաճի առկայություն: Լրատվամիջոցների այդ հրապարակումներին արձագանքելով՝ ՏՄՊՊՀ-ը, սակայն, արձանագրեց, թե  հանձնաժողովը մշտապես վերահսկողություն և գնային մոնիթորինգ է իրականացնում գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների փոփոխության հիմնավորվածության, ինչպես նաև հնարավոր մրցակցային խնդիրների հայտնաբերման և կանխարգելման նպատակով: Հանձնաժողովն արձանագրեց, որ կատարված դիտանցման արդյունքներով, գերիշխող ապրանքային շուկաներում գները հիմնականում կայուն են, իսկ ինչպես և հայտարարվել էր մի քանի օր առաջ, որոշ շուկաներում, պայմանավորված մի շարք օբյեկտիվ գործոններով արձանագրվել է գնի նվազում: Օրինակ՝ շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ձու, կաթնամթերքի որոշ տեսակներ և այլն: Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն էլ արձանագրում են, որ շուկայում պարզապես անկայուն վիճակ է:

 

Ցանցային խանութներից մեկում գտնվելու ընթացքում փորձեցի նախ մենեջերից ճշտել գնային փոփոխությունների պատկերը: Նա, սակայն, խորհուրդ տվեց խոսել տնօրենի հետ: Մինչ վերջինիս դիմելը՝ որոշակի ժամանակ ստիպված եղա սպասել, քանի որ տնօրենը բավականին ծանրաբեռնված ու լարված աշխատում էր ապրանքների առաքիչների հետ. ակնհայտորեն առաքվող որոշ ապրանքների գծով առկա էին գնային ավելացումներ եւ հստակեցում-մոտքագրումներ էին արվում հենց այդ մասով:

Փորձեցի առաքիչներից ճշտել, թե իրենց կողմից առաքվող ապրանքատեսակների ինչպիսի՞ գնային փոփոխություներ կան վերջին շրջանում: Առաքիչները, սակայն, միկրոֆոնի առջեւ չցանկացան գների փոփոխությունների հետ կապված հարցերիս պատասխանել: Իմ այցելած ցանցային խանութի տնօրենն էլ այսպես պատասխանեց.

«Ինչ փոփոխություն կա՝ երեւում է»:

Փորձեցի զրուցել նաեւ խանութից օգտվող սպառողների հետ՝ հասկանալու, թե արդյո՞ք սպառողներն իրենք նկատել են գնային փոփոխություններ հիմնական ապրանքատեսակների մեջ:

Բանջարեղենի վաճառք իրականացնող խանութներից մեկում կին սպառողներից մեկը հակիրճ ասաց.

«Ամեն ինչի մեջ էլ ավելացումը զգալի է»

Ընդհանրապես այսօր մեզ հանդիպած սպառողները դժվարությամբ էին արձագանքում կամ՝ պարզապես չէին ցանկանում պատասխանել գների բարձրացման վերաբերյալ մեր հարցերին: Նույնն էր նաեւ վաճառողների պարագայում: Մեզանից լավ գիտեք, ինչո՞ւ եք հարցնում՝ խանութներից մեկում ասաց վաճառողուհին՝ այն բանից հետո, երբ համոզվեց, որ ձայնագրիչն անջատված է:

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող որոշ հասարակական կազմակերպություններ, ուսումնասիրելով սպառողական շուկան, եզրահանգել են, որ շուկայում վերջին շրջանում գյուղատնտեսական մթերքի, այդ թվում՝ մսի գներն անկանոն տատանվում են։ Տնտեսագետ Բագրատ Ասատրյանի խոսքով, ընդհանրապես, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը միշտ էլ անհանգստացնող երեւույթ պետք է համարել: Սակայն, ներկայումս, ըստ նրա, ամեն ինչ ծրագրի շրջանակներում է:

Գնաճի մակարդակից անհանգստանալու պատճառ չի տեսնում նաեւ տնտեսագետ, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը, մինչդեռ, նկատում է, որ շուկայում ընդհանուր անկայուն իրավիճակ է։ Մեջբերենք նրա խոսքից.

«Անկայունության խնդիր ունենք։ Տարիներ շարունակ խոշոր բիզնեսն ապահովում էր իրացման մեծ ծավալներ և, ըստ էության, խեղդեց փոքր ու միջին բիզնեսին։ Այս պահին փոքր ու միջինն ունի ռեալ այլընտրանք զարգանալու, բայց ճանապարհին որոշակի խնդիրներ կան: Օրենքի դաշտ գալով, չի կարող չփոխվել ապրանքի գինը, բացի դա, մթերումների գինը կարող է փոխվել: Այս ընթացքում որևէ վերլուծություն անելը բարդ է, որովհետև գներն անընդհատ փոփոխվում են, և այսօր գրանցված թվերը վաղը իրականության հետ նույն գծով չեն գնում»։

ՊԵԿ-ից էլ արդեն հնչել է հայտարարություն, որ հարկային կամ վարչարարության նոր փոփոխություններ չեն եղել, որ կարող էին ազդել գների վրա։ Սուպերմարկետներին էլ դեռ 1.5 ամիս առաջ էր տեղեկացվել, որ այսուհետ գործելու են ԱԱՀ դաշտում։ ԱԱՀ-ով աշխատելը գների վրա հնարավոր ազդեցություն թողնելու մասին հարցին ի պատասխան՝ ցանցային սուպերմարկետներից մեկի տնօրենը հակիրճ պատասխանեց.

«Պարզ չի, որ թանկացնում է գները, քանի որ այդքան տոկոսով գինը ավելանում է»:     

Վերջին օրերին գնաճի թեմայի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին անդրադառնալով՝ ՏՄՊՊՀ-ն արձանագրեց, թե  կատարված դիտանցման արդյունքներով, գերիշխող ապրանքային շուկաներում գները հիմնականում կայուն են, իսկ ինչպես և հայտարարվել էր մի քանի օր առաջ, որոշ շուկաներում, պայմանավորված մի շարք օբյեկտիվ գործոններով արձանագրվել է գնի նվազում (շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ձու, կաթնամթերքի որոշ տեսակներ և այլն): Հանձնաժողովը նաեւ շեշտել էր, որ սոցիալական կարևորության հիմնական ապրանքային շուկաներում գնային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Մասնավորապես խոսքը վերաբերում է ձեթի, կարագի, կաթնամթերքի, մակարոնեղենի, ձկան, հավի մսի և այլ շուկաներին: Ըստ հանձնաժողովի՝ գնային բարձրացում չի արձանագրվել նաև ալյուրի շուկայում: Բարձրակարգ ալյուրի 1 կիլոգրամը վաճառվում է 202 դրամով: Եւս մեկ մեջբերում հանձնաժողովի տարածած հայտարարությունից.

«Վերոնշյալը հիմք է տալիս պնդելու, որ գնաճի վերաբերյալ հայտարարությունները ապատեղեկատվություն են: Հարկ ենք համարում նշել, որ քաղաքացիների դժգոհությունները, ըստ մամուլի հրապարակումների, կապված են հիմնականում սեզոնային մրգերի և բանջարեղենների թանկացման հետ: Դրանք մրցակցային շուկաներ են, որտեղ գները կարգավորվում են շուկայական մեխանիզմներին համապատասխան»։

ՏՄՊՊՀ-ի հայտարարությամբ ասվում է նաեւ, որ նկատի ունենալով խնդրի սոցիալական նշանակությունը և գյուղմթերքների գների բարձրացման հետ կապված սպառողների մտահոգությունը, հանձնաժողովը դիմել է ոլորտի պետական լիազոր մարմին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Լիազոր մարմնի պարզաբանմամբ էլ՝  խնդիրը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, մասնավորապես գյուղատնտեսության համար անբարենպաստ շոգ եղանակային պայմաններով:

Ցուցադրել ավելի
Back to top button