ԿարևորՀասարակություն

Սեւանից 40 մլն խոր.մ. ջրի ջրառն այլընտրանք չունի. Ջրկոմ

Բնապահպան փորձագետները շարունակում են պնդել՝ չի կարելի ջրառի նպատակով Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնել: Վարչապետ նիկոլ Փաշինյանը նախօրերին հանձնարարել է  ոռոգման ջրի խնդիրը լուծել  առանց Սևանա լճից ջուր բաց թողնելու: Ջրային կոմիտեում նույնպես մտահոգված են Սևանա լճի ապագայով, սակայն, կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը Ռադիոլուրին փոխանցել է  ստիպված են Սևանին ապավինել: Ռադիոլուրի զրուցակից փորաձգետ բնապահպանները կառավարությանը ջուր գտնելու ուղիներն են մատնանշել:

 

Վերջ ի վերջո Սևանի ու վարչապետի ջրերը մի առվով  են հոսում. նախօրեին ֆեյսբուքյան իր էջում գրել էր բնապահպան, «Սևան» ազգային պարկի  գլխավոր հատակագծի հեղինակ, բնապահպան   Գագիկ Սուխուդյանը: Եվ ահա վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սևանա լճի մասին վերջին հայտարարությունից հետո «աշխատանքային խումբը ուսումնասիրում է և փնտրում է առանց Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու տարբերակներ»։

Գագիկ Սուխուդյանը վստահ է՝ հնարավոր է  ոռոգման ջրի խնդիրը լուծել  առանց Սևանա լճից ջուր բաց թողնելու։ «Հարկավոր է ձկնարդյունաբերությունը Արարատյան դաշտավայրից վերացնել, որը ավանդական չի, և որը հիմնական արտեզյան ու ստորգետնյա ջրերի պաշարները Արարատյան դաշտավայրում սպառում է»:

Ինչպես Սուխուդյանը, այնպես էլ փորձագետ Սեյրան Մինասյանը վստահ  են՝ դաշտի ոռոգման ջրի խնդրի լուծման մյուս հնարավոր տարբերակը համակարգի կորուստների նվազեցումն է։ «Ամեն անգամ ասում ենք, որ ոռոգման ցանցը կորուստներ ունի. մինչև 50 տոկոս կորուստներ ունի ճանապարհին, 50 տոկոս էլ Արարատյան դաշտավայրում: Դա ուղղակի թույալտրելի չի: Ջրագողեր էլ կային, բացի ձկնագողերից, հարկավոր է ապօրինի ջրօգտագործողներին հաշվառման վերցնել»:

Փորձագետ Սեյրան Մինասյանը նույնպես վստահեցնում է՝ ջրային պաշարները ավելի շատ են ու հնարավոր է ոռոգման ջրի խնդիրը լուծել։ «Լիուլի ջրի պաշարներ կան, որոնք կարելի է  ոռոգում կատարել, ավելի շատ տարածքներ ջրել և Սևանին էլ ձեռք չտալ: Դա վատ ու փնթի կառավարման արդյունք է»:

Այն, որ ոռոգման ջրի խնդիրը սրվել է  հատկապես Արարատյան դաշտավայրում ձկնային տնտեսությունների պատճառով փաստում  է Ջրային կոմիտեի նախագահ Իննեսա Գաբայանը: «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է. «Հաշվարկները  ցույց են տալիս, որ  անգամ ամբողջ  Հայաստանի ոռոգման ջրի ջրառն իր ծավալներով երկու անգամ պակաս է , քան՝ ձկնաբուծարանները, որոնք մեր ընդերքից մեր պաշարները հանում են, օգտագործում են, ուղարկում դեպի Արաքս, այսինքն՝ հարևան պետություն: Բավականին լուրջ խնդիր է, որը պետք է բարձրացվի այսօր: Մենք չենք ասում փակել բիզնեսը, բայց մենք ասում ենք. ներողություն, բիզնես, գործիր մեր երկրի շահերին համապատասխան»:

«Սևան» ազգային պարկի գլխավոր ճարտարապետ, բնապահպան   Գագիկ Սուխուդյանը փաստում է՝ միշտ չէ, որ Սևանա լիճը ոռոգել է Արարատյան դաշտավայրը: «Կարող ենք Սևանին ընդհանրապես ձեռք չտալ ոռոգման համար, ինչ դուրս է գալիս բնական՝ դուրս է գալիս»։

Ջրային կոմիտեի նախագահ Իննեսա Գաբայանը  շեշտում է՝ Սևանը մեր ազգային հարստությունն  ու ռազմավարական պաշարն է, լճի պահպանության համար պետք է ներդնել բոլոր ուժերը: Ջրային կոմիտեի  ռազմավարական խնդիրը նաև Սևանա լճի պահպանությունն է: «Կարծում եմ, որ անցյալ կառավարությունները միանշանակ այն սրտացավ մոտեցումը չեն ունեցել, որպեսզի հնարավորինս միջոցներ ներդրվեն այդ համակարգերը վերականգնելուն, ճիշտ կառավարելուն, ներգրավելով գյուղացիներին մասնակցային կառավարմանը, որը ևս պետք է իր դրական արդյունքը պետք է տար: Այսօր մենք ունենք այսպիսի իրավիճակ»:

Զրուցակիցս շեշտում է՝ քննարկել, վերլուծել են ու եկել  են հետևյալ եզրահանգման. «Մենք եկանք այդ 40 մլն խորանարդ մետրի վրա կանգեցինք: Ես էլի ցավում եմ, շատ   ցավով եմ ասում, որ ստիպված պետք է վերցնեինք Սևանից, ստիպված դիմեցինք կառավարություն»:

Սևանին չպետք է մոտենալ որպես անցք  ունեցող սափորի՝  վարչապետի կարծիքը կիսում է  նաև Գաբայանը, միանշանակ նշում է՝ եթե կառավարությունը քննարկումների արդյունքում մերժի իրենց առաջարկը, ոռոգման համակարգում խնդիրներ կունենանք: Սևանը հյուծել չենք ուզում, ոչ էլ  ցանկանում ենք ջուրը վաճառել՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցն ու համակարգում տիրող  ընդհանուր իրավիճակն այսպես է բնորոշում. «Անգամ շատ կոպիտ խոսք կարող էի ասել՝ դա դավաճանություն է հայրենիքի հանդեպ ու հանցանք: Ես գուցե շատ կոպիտ եմ ասում, դուք գուցե չօգտագործեք: Սա համալիր խնդիր է: Եթե դու չես կարողանում քո  համակարգը ճիշտ կառավարել, վերականգնման աշխատանքները, ներդրումները  անել ամենաբարձր մակարդակով ու օպտիմալ ձևով, այդ  ամենի արդյունքը բերում է  ջրային ռեսուրսի խնդրի»:

Կառավարությունում Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու հաջորդ քննարկումը  նախատեսվում է անցկացնել մեկ շաբաթից:

Ցուցադրել ավելի
Back to top button