Հասարակություն

Որո՞նք են Շվեդիայում հայապահպանության խնդիրները

Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններն անդրադարձել են նաև  երկրի արտաքին քաղաքականության շեշտադրումների վրա: Նախատեսվում են առավել ակտիվ գործընթացներ ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների  պաշտպանության ոլորտներում: Ռադիոլուրի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  Արտակ Ապիտոնյանը: Դեսպանն անդրադարձել է նաև Շվեդիայի հայ համայնքի առանձնահատկություններին ու մի շարք այլ հարցերի:

 

Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացները փոփոխություններ են բերել նաև արտաքին քաղաքական շեշտադրումներում: Շվեդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանի խոսքով,  աճել է հատկապես Հայաստանում իրականացվելիք բարեփոխումների ծավալը, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը դառնում է Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը: Դեսպանն այս ոլորտներում ակտիվ համագործակցություն է կանխատեսում ինչպես Շվեդիայի, այնպես էլ եվրոպական այլ երկրների հետ: Անդրադառնալով Շվեդիայի շուրջ 13 հազարանոց հայկական համայնքի առանձնահատկություններին, Ապիտոնյանն ընդգծում է՝ ցրվածությունն ամբողջ երկրով մեկ: Հայ  համայնքի անդամներին փորձում են համախմբել եկեղեցու, մշակութային ամենատարբեր ծրագրերի շուրջ: Հայաստանյան նոր իրողությունների պայմաններում դեսպանը կարևորում է հատկապես երիտասարդ շվեդահայերի ներգրավումը  Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերում:

Հե՞շտ է արդյոք Շվեդիայում հայ մնալը. ի պատասխան հարցիս դեսպան Ապիտոնյանն արձագանքում է. «Համայնքում գործող ավանդական կառույցներն այդ ուղղությամբ լուրջ աշխատանք են տանում, գործում են կիրակնօրյա դպրոցներ, եկեղեցին, ինչպես արդեն նշվեց, կազմակերպվում են մշակութային տարաբնույթ միջոցառումներ: Փորձում են խրախուսել նաև համայնքային զբոսաշրջության զարգացումը:

Արտակ Ապիտոնյանի վստահեցմամբ, հայ գրականության շվեդերեն ներկայացումը  եղել է ու կա դեսպանատան մշակութային գործունեության առանցքային ուղղություններից մեկը

Քննարկվում են Րաֆֆու, Բակունցի ստեղծագործությունների թարգմանության հնարավորությունները: Նարեկացի թարգմանելու ցանկությունը մեծ է, բայց շվեդերեն լեզվով որակյալ թարգմանության խնդիր կա:

Արցախյան հիմնահարց, մարդու իրավունքի ոտնահարման խնդիրը մասնավորապես ապրիլյան պատերազմից հետո. արդյոք Շվեդիայի հայկական դեսպանատան աշխատանքային գործունեության օրակարգում են, ի՞նչ է անում դեսպանատունն այս հարցերը Շվեդիայում ներկայացնելու ուղղությամբ: Ի վերջո, որքանո՞վ է հիմնավորված տպավորությունը, որ այս հարցերում օտարերկրյա պետություններում գործող հայկական դեսպանատներն ակտիվությամբ առանձնապես չեն առանձնանուն, հարցին Շվեդիայում Հայաստանի դեսպանը հակադարձում է.

«Ինչպես Հայաստանի արտգործնախարարության, այնպես էլ փաստաբանների թիմը լրջորեն հետևում են ապրիլյան պատերազմի վայրագությունների վերաբերյալ Եվրադատարանին ներկայացված հայկական կողմի հայցադիմումներին առնչվող իրավական գործընթացներին»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button