Միջազգային

Թեհրանը կշարունակի «պահել իր խոսքը»՝ չնայած սահմանափակումներին

Ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են , որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձագանքել է երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման մասին Դոնալդ Թրամփի հրամանագրին: Նա ասել է, որ Թեհրանը կշարունակի «պահել իր խոսքը»՝ չնայած սահմանափակումներին:
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կզղջա, որ նոր պատժամիջոցներ է սահմանել: Ռոհանին նաև միասնության կոչ է արել մյուս երկրներին նոր տնտեսական սահմանափակումների ֆոնին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը:

Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան:

Դրանք նաև վերաբերում են Իրանի ավտոարդյունաբերությանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ:

Պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարվա մայիսին հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու ու նախկին պատժամիջոցներն Իրանի նկատմամբ վերականգնելու մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button