Հասարակություն

Հնագիտական նոր փաստագրումներ Վայոց ձորում եւ  Կոտայքում

Հնագիտական նոր փաստագրումներ Վայոց ձորում եւ  Կոտայքի մարզի Սարահարթում: Հայ հնագետները ամերիկացի եւ իտալացի գործընկերների հետ կատարած հնագիտական ուսումնասիրություններով բավական լուրջ արդյունքներ են արձանագրել: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ներկայացնելով դրանք՝ հնագետները շեշտել են, որ հայտնաբերված հնավայրերի կարեւոր արժեքներից մեկն այն է, որ դրանք դիտարկվում են որպես մեկ ամբողջություն: Կարեւոր խնդիր են համարում, որ դրանք անձնագրավորվեն՝ իրենց պահպանման գոտիների սահմանմամբ, իսկ գործնականում էլ կարող են օգտագործվել հատկապես գիտահենք զբոսաշրջության զարգացման նպատակով:

 

Վայոց ձորում եւ Կոտայքի Սարահարթում հայ, իտալացի եւ ամերիկացի հնագետների համատեղ աշխատանքների շնորհիվ մինչ օրս անհայտ ամրոցներ, հնավայրեր են հայտնաբերվել, նաեւ՝ ժայռափոր: ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի փոխանցմամբ՝ դրանք հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու Ք.ա. 2-րդ հազարամյակի վերջի եւ 1-ին հազարամյակի առաջին կեսի մասին: Հնագետի տեղեկացմամբ՝ այդ հուշարձանների մի զգալի մասն ունի Վանի թագավորության շրջանի շերտեր եւ նոր պատկերացումներ են տալիս ուսումնասիրողներին:

«Մեծ քանակությամբ տվյալներ ենք հավաքել, որոնք պետք է ուսումնասիրել, անալիզներ անել եւ այլն, որպեսզի կարողանանք համեմատել եւ հասկանալ սոցիալական, տնտեսական, քաղաքական կյանքում ինչ տեղաշարժեր են եղել եւ, այսպես ասած, ինչ էվոլյուցիան պատկեր կարող ենք վերականգնել: Այդ նյութերի ուսումնասիրությունը զուտ հայաստանյան մասնագետների ուժերով հնարավոր չէ եւ մենք փորձում ենք ընդգրկել մեր արտասահմանյան կոլեգաներին»:

Միջերկրածովյան եւ արեւելքի երկրների ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի իտալացի գիտաշխատող Ռոբերտ Դանի փոխանցմամբ՝ հայտնաբերված հուշարձանները փաստում են ներկայիս Հայաստանի տարածքում եւս Ուրարտական ներկայությունը: Նա ասաց, թե դրանց  հետագա կոնսերվացումն ու վերականգնումը եւս իրենց ծրագրերի մեջ է մտնում:

«Այսինքն՝ ստեղծել մի հնագիտական պարկ, որտեղ մարդիկ կարող են գնալ եւ տեսնել»:

Կոլումբիայի համալսարանի հնագիտության բաժնի հնակենդանաբան Հաննա Չազին էլ ասաց, որ շատ հետաքրքիր փաստեր կարելի է բացահայտել այս նոր հնավայր-ամրոցների ուսումնասիրություններով:

«Հատկապես, մարդու եւ կենդանիների հարաբերության հետ կապված՝ թե տնտեսական, թե ծիսական առումներով»:

Մեզ համար իսկապես զարմանալի է, թե ինչքան բան մենք չգիտենք մեր եկրի մասին՝ անկեղծացավ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը՝ շեշտելով, որ գրեթե չկա մի ժամանակաշրջան, որ այնտեղ արտացոլված չլինի: Հայտնաբերված հնավայրերի մի ստվար հատված էլ մինչ օրս չեն եղել մշակույթի նախարարության ցուցակներում:

Այդ հուշարձանների մի ստվար մասը կարող են օգտագործվել զբոսաշրջությունը զարգացնելու համար, հատկապես՝ նրա ամենակարեւոր տեսակը՝ գիտահենք զբոսաշրջությունը:

Առաջիկայում հնագետները դիմելու են մշակույթի նախարարությանը՝ հայտնաբերված հնավայր-հուշարձանները անձնագրավորելու եւ պահպանական գոտիներ սահմանելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button