Հասարակություն

Շահո՞ւմ ենք արդյոք բարձրաստիճան հոգևորականներին դիվանագիտական անձնագրերից զրկելով

Միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող հայ բարձրաստիճան հոգևորականները այսուհետ չեն կարող այլևս օգտվել դիվանագիտական անձնագրերից ու անարգել մուտք գործել այլ երկրներ: Նախկին պաշտոնյաների նկատմամբ կիրառվող այս գործողությունն ազդել է նաև եպիսկոպոսների վրա:

Այս ամսից արդեն  Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը անվավեր են: Արտգործնախարարության  այս հայտարարությունից հետո պարզվեց,  որ ուժը կորցրած են համարվել նաև Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների դիվանագիտական անձնագրերը, ինչը նրանց հնարավորություն էր տալիս մուտք գործել այլ երկրներ:  Ընդ  որում՝ զրկում  են դիվանագիտական անձնագրերից առանց տեղյակ պահելու վերջիններին. կարելի էր գոնե տեղեկացնել, որպեսզի անակնկալ  չլիներ՝ ասում են հոգեւորականները:

Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում այս որոշման հետ կապված ընդամենը մեկ հարցադրում է անում.

«Ինչ շահեց ՀՀ եպիսկոպոսներին այսպես հապշտապ զրկելով դիվանագիտական անձնագրից: Եկող տարվա ապրիլին միևնույնն է լրանում էր վավերականության ժամկետը, թող սպասեին  լրանար ու չերկարացնեին, ինչո՞ւ արագ կերպով զրկեցին»։

Կատարվածը, այդուհանդերս, եպիսկոպոսներին չի զայրացնում, պարզապես հարցեր է առաջացնում, որոնց պատասխանը փնտրելու ճանապարհին որոշ եզրահանգումներ են արվում, մասնավորապես.

«Ուզում են հեղափոխություն անել բոլոր ոլորտներում: Ընդհանուր անպարկեշտ վերաբերմունք է եպիսկոպոսների նկատմամբ»:

Ինչո՞վ է պայմանավորված բարձրաստիճան հոգեւորականներին նախկին պաշտոնյաների շարքերում դասելու որոշումը: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան տեղեկացրեց  որ դիվանագիտական անձնագրից կարող է օգտվել միայն կաթողիկոսը:

Ստացվում է, որ տուժում են միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող եպիսկոպոսները:

«Անհավասար պայմաններ են ստեղծվում հայաստանցի եպիսկոպոսների համար: Ինձ բավարարում է ՀՀ քաղաքացի լինելը, չեմ ուզում  այլ երկրի քաղաքացի լինել»,-Միքայել սրբազանը նշում է, որ փաստորեն այլ երկրի քաղաքացիություն ունեցողները կարող են անարգել տեղաշարժվել։

Ցուցադրել ավելի
Back to top button