Տնտեսական

Մետաղի ջարդոնի շուկան շարունակում է մենաշնորհային մնալ

Մետաղի ջարդոնի ընդունման եւ արտահանման շուկայում շարունակում են գործել խաղի մտահոգիչ կանոններ, դաշտը մոնոպոլացված է: «Ռադիոլուրին» տնտեսագետ Գուրգեն Բաբայանի փոխանցած այս խնդիրը հաստատում է նաեւ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Պետական եկամուտների կոմիտեից էլ շեշտում են` իրենք այս գործընթացում առաջնորդվում են «Պետական տուրքի մասին» օրենքով ու շտապում են փոխանցել` օրենքը վերանայման ենթակա է:

 

Գուրգեն Բաբայանն արդեն մի քանի տարի է` զբաղվում է մետաղի ջարդոնի հավաքագրմամբ, արտահանմամբ: Տարիների ընթացքում այս ոլորտում խնդիրները կուտակվել են, արմատացել, ու այժմ չափազանց դժվար է այլեւս աշխատել` պատմում է «Ռադիոլուրի» զրուցակիցը:

Մետաղի գները վերջին մի քանի տարում իջան ողջ տարածաշրջանում: Հետագայում հարեւան երկրներում գները կարգավորվեցին, իսկ Հայաստանում այդպես էլ մնաց: Դրան զուգահեռ` անհասկանալիորեն բարձր են մնում սեւ մետաղի ջարդոնի արտահանման պետական տուրքերը` 1 տոննայի համար 80 հազար դրամ:  Շուկան մոնոպոլացված է` ասում է զրուցակիցս, «ջարդոնը հավաքում ենք ու մնում այն ձեռքներիս շվարած»:

«Չուգունի 1 կիլոգրամի գինը 10-12 դրամ է, երկաթինը` 17-18 դրամ, մեծ կտորը` 13 դրամ: Միջինը` մոտ 15 դրամ: Իսկ արտահանելիս մեկ կիլոգրամի մաքսային արժեքը 80 դրամ է: Թող գոնե պետությունը դա ընդունի, ինքն արտահանի, բայց գոնե նորմալ գին վճարվի: Այլապես մարդիկ դա բերում, հասցնում են բազա, որ հանձնեն, հազիվ են իրենց տեղափոխման ծախսը հոգում ստացված գումարով»:

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ Գեւորգ Սաղոյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ արտահանման գործընթացում կիրառվող մաքսային արժեքը սահմանված է  «Պետական տուրքի մասին» օրենքով։ «Արտահանվող սեւ մետաղի ջարդոնի մեկ տոննայի համար սահմանված է 80 հազար դրամ, գունավոր մետաղի համար` 100 հազար դրամ»:

Գեւորգ Սաղոյանի տեղեկացմամբ`օրենքի վերանայման շուրջ քննարկումներ են ընթանում` արտահանման կարգը, վճարման պայմանները ենթակա են փոփոխման: Երբ օրենքը նոր տեսքի կբերվի` դեռ վաղ է ասել:

Փոփոխությունների ակնկալիք ունի նաեւ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Խնդիրներին նոր չէ, որ ծանոթ է, ու այս ընթացքում արդեն, հարցով մտահոգ, վարչապետին նամակ է ուղղել, բացատրել` շուկան մոնոպոլացված է, ու ժամանակին ձեւավորված խաղի անհասկանալի կանոններ կան:

«Որոշակի մարդիկ դաշտը մոնոպոլիզացրել են տարբեր գործիքներով` պաշտոնապես եւ ոչ պաշտոնապես, որպեսզի ուրիշը չկարողանա մետաղ արտահանել: Եւ նրանք գներ են թելադրում` մեկ տոննայի համար 5-10, առավելագույնը` 15 հազար դրամ է: Սա նույնիսկ մետաղ տեղափոխող բեռնատարի գինը չի հանում: Մետաղի ջարդոնը դրսում 200-250 դոլար է: Վերջերս վրացիները եկել են Հայաստանից գնելու, չեն կարողացել վաճառել նույնիսկ 150 դոլարով»:

Դաշտը պետք է ազատականացվի` վստահ է Գագիկ Մակարյանը: Պետք է ուսումնասիրվի մոնոպոլիաների առկայությունը: Զրուցակցիս գնահատմամբ` մեկ մլն տոննայի հասնող մետաղի ջարդոն կա Հայաստանում, որն անձրեւի տակ փչանում է, կոռոզիայի է ենթարկվում, իսկ դաշտում գործող տնտեսվարողները պարզապես  աշխատելու շահեկան պայմաններ չունեն:

Մակարյանը վստահեցնում է` հետամուտ է լինելու հարցի կարգավորմանը` սպասելով արձագանքի կառավարությունից: Գուրգեն Բաբայանն ավելացնում է իր տարբերակը` նպաստել արտադրությունների հիմնմանը, որ արտահանման հարց էլ չծագի:

Ցուցադրել ավելի
Back to top button