Քաղաքական

Մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ խոսնակը՝ Գևորգ Պետրոսյանի հայտարարության մասին

«Երեկվանից իմ գործընկեր լրագրողները օբյեկտիվ հարց են ուղղում ինձ` կապված «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի երեկ տարածած հայտարարության հետ։

Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր խղճի եւ իր քայլերի համար, եւ մեր կողմից որեւէ այլ գնահատական չի հնչելու։ Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայացրած որոշմանը, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ապա ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում քվեարկությունը եղել է բաց եւ հրապարակային, եւ ԲՀԿ քաղաքական խորհուրդը միաձայն առաջադրել ու պաշտպանել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է։

Մեր քաղաքական թիմը միակամ, համախմբված պատրաստվում է ավագանու առաջիկա ընտրություններին եւ մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել», — Facebook-ի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը` անդրադառնալով իր կուսակցի հայտարարությանը։

Երեկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու կուսակցության որոշմանը, ասել էր. «Աղբանոցի մեկօրյա այցը և թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար»։

Ցուցադրել ավելի
Back to top button