ԿարևորՀասարակություն

Կարմիր խաչին հաջողվել է հանդիպել Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի հետ (լրացված)

տեղադրվել է ժամը 14։18- ին
լրացվել է ժամը 17։47- ին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հաջողվել է այցելել Ադրբեջանում ձերբակալված 34- ամյան Կարեն Ղազարյանին՝ քիչ առաջ «Ռադիոլուրին» տեղեկացրել է ԿԽՄԿ հայկական պատվիրակության  խոսնակ Գոհար Տեր- Հակոբյանը: Այլ տեղեկություններ չի հրապարակել, պարզապես ասել  է, որ այցը տեղի է ունեցել օգոստոսին։

 

«Բաքվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները հուլիսին և օգոստոսին այցելել են ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ազատազրկված անձանց, այդ թվում՝ վերջերս կալանավորվածին: Համաձայն մեր մանդատի՝ մենք այցելում ենք ազատազրկվածներին, դիտարկելու ազատազրկման պայմանները,  նրանց հետ վարվելակերպը նաև օգնելու, որ կապ հաստատեն հարազատների հետ: Կարող եմ հաստատել, որ այց եղել է Կարեն Ղազարյանին»,- ասել է Գոհար Տեր- Հակոբյանը:

Ավելի ուշ՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց՝ տեղեկացնելով, որ խոսել է Կարեն Ղազարյանի մոր հետ, հաղորդել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դոմինիկ Լիեգմից ստացած շատ կարևոր և սպասված տեղեկությունը։ Երեկ գիշերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում ձերբակալված  Կարեն Ղազարյանին, նա ողջ և առողջ է։ Կարենին փոխանցվել է մոր նամակը։ Ինքը՝ Կարենը, ասել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է։

Հայկական կողմն արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն էլ Բաքվից պահանջել է մինչև օգոստոսի 14-ը տեղեկություն տրամադրել Կարեն Ղազարյանի գտնվելու վայրի, առողջական վիճակի, եւ եթե քրեական գործ հարուցվել է, քրեական գործի մասին։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը սխալ է համարում Կարեն Ղազարյանի դեպքում գերեվարված տերմինի կիրառումը։ Դա կոպիտ սխալ է՝ ասում է։ Նա ձերբակալված է և ունի փաստաբանի եւ զանգի իրավունք։

Հաշվի առնելով Ադրբեջանում ձերբակալված ՀՀ քաղաքացիներին մահացած վերադարձնելու նախադեպերը՝ հայկական կողմը ՄԻԵԴ-ին խնդրել է, որպեսզի  անհապաղ ապահովվի Կարեն Ղազարյանի կյանքի և  առողջության  անվտանգությունը:

Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ է, որին ադրբեջանցիները ձերբակալել էին հուլիսի 15-ին ու ներկայացնում էին իբրեւ դիվերսանտի։ Հայկական կողմը հերքել է այդ հաղորդումը, ընդգծելով՝ Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի բանակի հետ, առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button