ԿարևորՔաղաքական

Ռեյտինգայի՞ն, թե՞ սովորական. ինչպիսի համամասնական ընտրակարգ կընդունվի

Այսօր կառավարությունում որոշվել է, որ երեք համայնքներում արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Հոկտեմբերի 21-ին քաղաքապետեր  կընտրվեն Արմավիրում և Էջմիածնում: Այս համայնքների ղեկավարների պաշտոնները թափուր են հրաժարականներից հետո:  Սպասվում են նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, ժամկետները, սակայն,  դեռ  հստակ չեն: Քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից: Եվ առջևում հիմնական ՝ խորհրդարանական ընտրություններն են: Առայժմ մշակվում է այն Ընտրական օրենսգքիրը, որով սահմանվելու են խաղի կանոնները:  Այդ նպատակով միանգամից երկու հանձնաժողով էր ստեղծել՝ մեկը խորհրդարանում, մեկը՝ կառավարությունում: Առաջինն ավարտել է աշխատանքը:

 

Վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ստացել է օրենսգրքի վերաբերյալ խորհրդարանական 4 ուժերի մի քանի տասնյակ առաջարկներն ու  այժմ քննարկում է դրանք:

«Ըստ էության՝ առաջարկների հիմնական մասի վերաբերյալ հանձնաժողովն արդեն ունի դիրքորոշում,  մոտ 10 առաջարկի շուրջ  հանձնաժողովը դիրքորոշումը  դեռևս չունի»,- կկառավարության  մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը բացատրում է՝ «դիրքորոշում ունենալ» ասելով   նկատի ունի, որ արդեն հստակ է՝ խորհրդարանի առաջարկն ընդունելի՞  է կառավարության համար, թե՞ ոչ:

Փոփոխությունների թերևս ամենաառանցքային՝ ռեյտինգայինից հրաժարվելու հարցում  քաղաքական  համաձայնություն արդեն կա. խորհրդարանական բոլոր ուժերը, այդ թվում ՀՀԿ-ն,  համաձայն են հրաժարվել տարածքային ցուցակներից:  Բայց այն հարցում, թե ինչպիսի համամասնականի անցնել, տարբեր առաջարկներ ունեն:

«Մենք խորհրդարանականից ստացել էինք երկու առաջարկ. մեկը՝ անցնել սովորական ռեյտինգային ընտրակարգի, մյուսը՝ համապետական ռեյտինգային ընտրակարգի»:

Ընտրակարգի վերաբերյալ խորհրդարանում մի քանի առաջարկ կար: ՀՅԴ-ն առաջարկում է ներդնել համամասնական ընտրակարգի «բաց ցուցակների» մոդելը: Այն ենթադրում է, որ ընտրողները քվեարկում են ոչ միայն կուսակցության, այլև կուսակցական ցուցակից  որևէ  թեկնածուի օգտին: Արմեն Ռուստամյանն ասում է ՝ իրենց առաջարկածն ավելի ժողովրդավարական տարբերակ է:

«Մենք առաջարկում ենք,  որ ընտրողը ցուցակին միջամտելու հնարավորություն ունենա:  Դառնում է, որ կուսակցությունը չի որոշում հերթականությունը, ով պետք է անցնի: Ժողովուրդն է որոշում, թե մանդատները կուսակցությունից ով պետք է ստանա»:

«Ծառուկյան» խմբակցությունը բաց ցուցակների առաջարկը չէր պաշտպանում: Առաջարկում էր գնալ պարզ համամասնականի մոդելով,  բայց  քվոտավորել ցուցակները՝ որոշակի հաջորդականությամբ  դրանցում ներկայացնել կանանց, ազգային փոքրամասնությունների և մարզերը ներկայացնող թեկնածուներին:

«Պետք է լինի, մեկ համամասնական ցուցակ, երկու ցուցակը  բարդացնում է իրավիճակը , եկեք ոչ մեր կյանքը բարդացնենք, ոչ էլ ընտրողի»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը։

Իրավիճակը չբարդացնելուն կողմ էր  նաև «Ելք» խմբակցությունը: Բաց ցուցակի գաղափարն ընդունելի համարելով՝  կարծում են, որ այդ մոդելը կբարդացնի հատկապես  ձայների հաշվարկը: Իսկ այս ոչ ստանդարտ  իրավիճակում բարդ մեխանիզմներ ընտրելն արդարացված չէ՝ ասում է Էդմոն Մարուքյանը:

«Հայաստանի ընդդիմությունը 20 տարուց ավելի պահանջել է անցնել կլասիկ, պարզ համամասնական ընտրակարգի: Հիմա կարող ենք գնալ այդ ճանապարհով»:

Արդյունքում, 4 առաջարկներից  կառավարություն ուղարկվել են 2-ը՝ համամասնական ընտրակարգ կամ բաց, կամ փակ ցուցակներով: Արդեն հայտնի է նաև, թե դրանցից որի օգտին է  կառավարական հանձնաժողովի նախապատվությունը:

«Հանձնաժողովի մոտեցումն այն էր, որ պետք է ռեյտինգայինից հրաժարվել և անցնել սովորական համամասնական ընտրակարգի: Սա նաև ամրագրված է խորհրդարանի կողմից ընդունված կառավարության ծրագրում:  Այս մոտեցման դեմ որևէ լրացուցիչ փաստարկ չենք ստացել: Եվ մեր երկրորդ նիստում որոշել ենք, որ ընտրում ենք  պարզ համամասնական մոդելը»:

Ցուցակներում կանանց քվոտավորման մասին կառավարության հանձնաժողովը որոշում ունի ՝ կամրագրվի, որ ցուցակի 1/3-ը պետք է կազմեն կանայք, մարզերի ներկայացուցիչների քվոտավորման հարց դեռ չեն քննարկել:

Իոաննիսյանն ասում է, որ հիմնական հարցերի վերաբերյալ  անկյունաքարային որոշումներն արդեն ունեն, թեպետ դեռ կան հարցեր, որոնցում որոշումներ  դեռ պետք է կայացվեն: Խոսքը , օրինակ, ՏԻՄ-ին առնչվող դրույթները:

Ինչ վերաբերում է ժամկետներին, քարտուղարն ասում է, օգոստոսին հանձնաժողովն օրնիբուն կաշխատի, նախագիծը կուղարկի Վենետիկի հանձնաժողով, կստանա եզրակացությունը, կփորձի ընդունելի դիտողությունները ներառել փաստաթղթում և դրանից հետո խորհրդարան կներկայացնի: Հույս ունեն, որ սեպտեմբերին օրենսդիրը կկարողանա քննարկել ԸՕ –ի փոփոխված նախագիծը:

Ցուցադրել ավելի
Back to top button