Հասարակություն

Մարզերում բժիշկների կարիք կա. կառավարությունը մտածում է ինչպես լուծել խնդիրը

Կառավարությունն այսօր հաստատելն է 2018-2019 ուստարում ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ ինտերնատուրայի և կլինիկական  օրդինատուրայի ընդունելության տեղերը։ Առողջապահության համար  նախատեսված տեղերը 50 տոկոսով ավելացվել են: Իսկ այս տեղերն ավելի կշատացնեն, քանի որ մարզերում 300 բժշկի թափուր տեղ կա: Ուսուցիչների ու բժիշկների համար  խնդիրը բնակարանն է և  այս հարցերը լուծելու դեպքում թափուր տեղերը արդյունավետ կլրացվեն՝ նշվել է կառավարությունում այսօր կայացած քննարկման ժամանակ:  

 

Վայոց ձորի մարզում  նեղ մասնագիտական բժիշկների կարիք կա, <<Ռադիոլուր>>-ին  փոխանցեց մարզպետ  Արագած Սաղաթելյանը: Կխրախուսվեն այն բժիշկները, որոնք ցանկություն կունենան աշխատել մարզում: «Գիտեմ, որ մարզում մեկ անեսթեզիոլոգ կա: Եվ եթե մի քանի վիրահատության անհրաժեշտություն է լինում, դա խնդիր է»:

Ուսանողներն ինչո՞ւ են խուսափում մարզերում իրենց մասնագիտական գիտելիքները կիրառելուց. հարցին Վայոց ձորի մարզպետը պատասխանում է, որ մայրաքաղաքին մոտ լինելու ցանկությունն է պատճառը:

Հաջորդ ուսումնական  տարվանից պետությունը առողջապահության նախարարության համար  նախատեսված նպատակային  տեղերն ավելացրել է 50 տոկոսով։

Կրթության և գիտության  նախարար Արայիկ Հարությունյանն ասում է, որ ուսումնասիրում են սկանդինավյան երկրների փորձը, որտեղ մեծ քաղաքներում աշխատանքի անցնելուց առաջ պետք է սահմանային կամ ոչ քաղաքային բնակավայրերի հիվանդանոցներում աշխատելու փորձ ունենալ:

«Այդ դեպքում արդեն նպատակային տեղեր չենք հատկացնի, այլ իրենք արդեն օրդինատուրան ավարտելուց հետո այդ աշխատանքային փորձը պետք է մարզերում և ոչ քաղաքային բնակավայրերում հավաքեն»,- ասում է նախարարը։

Մարզերում մոտ 300 բժշկի թափուր աշխատատեղ կա  և տարեց տարի  ավելացնելու են  նպատակային տեղերի թիվը՝ տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:  Ուսանողն  ավարտելուց հետո, ըստ պայամանգրի, պարտավորվում է  5 տարի  աշխատել նշված վայրում:

«Կոչ եմ անում, որ ակտիվ մասնակցեն, դիմեն շրջանավարտները և համալրենք այդ տեղերը: Նաև կոչ եմ անում և՛ տեղական, և՛ տարածքային կառավարման մարմիններին, որպեսզի աջակցեն այդ բժիշկներին, ովքեր գնում են մարզեր աշխատելու, որպեսզի նրանք մնան մարզերում և չուզենան ավարտելուց հետո վերադառնալ Երևան»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ողջունեց այս տարբերակն ու հետաքրքրվեց, թե ինչ մեխանիզմներ են գործելու, եթե ուսանողները հրաժարվեն նպատակային տեղերում աշխատելուց:

Նախկինում սահմանված փոխհատուցման գումարի չափը կմեծացնեն, պատասխանեց ԿԳ նախարարը: «Այսինքն դա երկու կամ երեք անգամ մեծ կլինի այն վարձից, որը պետությունն իր միջոցներից տրամադրում է անվճար ուսուցման համար»:

Արսեն Թորոսյանն էլ ավելացրեց, որ կան պատժիչ միջոցներ, սակայն պետք է այնպես անել, որ ուսանողներն իրենց ցանկությամբ մնան մարզերում: Մանե Թանդիլյանի խրախուսման մեխանիզմ ներդնելու առաջարկին համաձայնեց Արայիկ Հարությունյանը և խորհուրդ տվեց համայնքապետերին նման բժիշկներին աջակցել բնակվարձով կամ բնակարան տրամադրելով: Նաև քայլեր են մշակում բժիշկների աշխատավարձերը բարձրացնելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button