Միջազգային

«Հայաստանյան զարգացումները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին». Լավրով

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, Լավրովը հույս է հայտնել, որ իրավիճակը կլուծվի կառուցողական ճանապարհով։

«Ռուսաստանը՝ որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է հայկական պետության կայունությամբ։ Հետևաբար, այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Ըստ նրա՝ հայկական հեղափոխությունից հետո «Մոսկվայում մեծ գոհունակությամբ արձանագրում էին, որ առկա ճգնաժամի լուծումը գտնվեց կոմպրոմիսի արդյունքում», մինչդեռ վերջին օրերի իրադարձությունները «փչացնում են դրական տրամադրվածությունն ու հակասում նոր իշխանությունների՝ ավելի վաղ իրականացրած հայտարարություններին»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է երկու ամսով:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի և ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button