ԿարևորՎերլուծական

Ի՞նչ մեսիջներ է ուղարկում Ռուսաստանը և ինչո՞ւ

Ռուսաստանը մտահոգված է հայաստանյան վերջին զարգացումներով: Այդ մտահոգությունը երեկ ռուսական լրատվամիջոցներից  մեկի միջոցով փոխանցել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ռուսասատանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ Մոսկվան մտահոգված է Երևանից ստացվող լուրերով ՝ կապված «հայտնի գործինչների հետապնդման, կալանավորման հետ»: Լավրովի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների այն հայտարարություններին , թե նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդում չի լինելու։  Հայ վերլուծաբանները կարծում են, որ Հայաստան- Ռուսաստան հարաբերություններում չհասկացվածության վտանգ ու պարզաբանումների անհրաժեշտություն կա:

 

Ի՞նչ է ակնարկում Ռուսատանը Հայաստանին, ընդհանրապես փնտրե՞լ ակնարկներ ՌԴ արգործնախարարի դիտարկումներում, թե՞ ոչ : «Կովկաս» ինստիտուտի տնօրեն  Ալեքսանդր Իսկանդարյանն արձանագրում է՝  այն տարակարծությունը, որ մինչև հիմա տեսանելի էին  ռուսական հասարակական  շրջանակներում ՝ վերլուծաբանների գնահատկանների ու լրատվամիջոցների հրապարակումների տեսքով, տեղափոխվեց  իշխանական շրջանակներ:

«Հայաստանյան զարգացումների վերաբերյալ Ռուսաստանում տարբեր կարծիքներ կան: Հնարավոր է՝ նոր իշխանությունների հավաստիացումներն այն մասին, որ զարգացումները հակառուսական բովանդակություն չունեն, այնքան էլ համոզիչ չեն, հնարավոր է համոզիչ են: Անկախ այդ հանգամանքից՝  այս բնույթի գործողությունները պետք է որ անհանգստացնեին Ռուսաստանին»:

Հեղափոխական բնույթի փոփոխությունները ենթադրում են միմյանց հարմարվելու, նոր լիդերներին ընկալելու բարդ փուլ ՝ ասում է քաղաքագետը: Կարծում է, որ Լավրովի հայտարարությանը պետք է հաջորդի պարզաբանումների փուլը և այն պետք է ընթանա ոչ հանրային մակարդակում:

«Անհարժեշտ են բացատրություններ, պարզաբանումներ, հակասությունների հարթում:  Այս գործընթացը պետք է վարեն կամ գուցե արդեն վարում են  քաղաքական էլիտաները: Կարծում եմ ՝ փակ ձևաչափով, ոչ հանրային դիսկուրսի պայմաններում»:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն , անդրադառնալով  հայաստանյան վերջին զարգացումներին, ասել էր,  որ Երևանից  վերջին շրջանում ստացվող լուրերն անհանգստացնում են Մոսկվային: Նշել էր, որ Ռուսաստանը՝ որպես ռազմավարական գործընկեր, մեծ  գոհունակությամբ էր  արձանագրել իրողությունը, որ  քաղաքական ճգնաժամը Հայաստանում հանգուցալուծումը քաղաքական գլխավոր դերակատարների  փոխզիջմամբ։ Հիմա, սակայն, Մոսկվան մտահոգված է:

«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների այն հայտարարություններին , թե նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդում չի լինելու։  Մեր անհանգստությունը վերջին օրերին մի քանի անգամ փոխանցել ենք Հայաստանի  իշխանություններին և հույս ունենք, որ առաջիկա զարգացումները կընթանան կառուցողական հունով»:

Բնական է, որ Ռուսաստանը հետևում է հայաստանյան զարգացումներին, բնական են նաև անհանգստությունները՝ ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա կարծիքով , սակայն, այս Սերգեյ Լավրովի կոշտ հայտարարությունը արձագանք է հայաստանյան տրամադրություններին:

«Արձագանքը, կարծում եմ, կապված է ներհայաստանյան որոշ տրամադրությունների հետ, մասնավորապես այն փաստի, որ ի դեմս Հանրապետականի կան ուժեր, որոնք դրսից օգնություն են ակնկալում: ՀՀԿ-ն հայտարարությամբ ասեց, չէ՞, Հայաստանում պրոբլեմներ են, քաղաքական հալածանք, հետապնդումներ, հայտարարությամբ դիմեց չէ՞ դրսի ուժերին: Ռուսաստանն է արձագանքում է»:

Պետք է փարատել այն մտահոգությունները, որոնք ունի Ռուսաստանը ՝ ասում է քաղաքագետը, հիշեցնում , որ Հայաստանի հեղափոխական  փոփոխություններին մինչ այժմ  Ռուսաստանն ամենևին կոշտ չի արձագանել:

«Բայց իրենք էլ, չէ՞, տեսնում են, որ լուրջ պրոցեսներ են, մարդիկ, ում հետ 10 տարուց ավելի աշխատել են, հիմա պրոբլեմներ ունեն: Եվ Ռուսաստանը մտահոգված է: Մտահոգությունները հանում են ոչ միայն հայտարարություններով, այլև հանդիպումներով: Տարբեր մակարդակներով հանդիպումների կարիք կա : Եթե կոշտ դիրքորոշում ցուցաբերվի, մտավախություն ունեմ , որ իրար չհասկանալը կխորանա: Մինչդեռ Ռուսաստանը տրամադրված չէ նոր իշխանությունների նկատմամբ կոշտ քայլերի»:

Ռուս վերլուծբանաները նույնպես  շարունակում են քննարկել հայաստանյան զարգացումները , փորձում են հասկանալ դրանց էությունն ու հետևանքերը: Քննարկումները, բնականաբար ,  թարմացել են  նախկին նախագահի կալանավորումից հետո: Բոլորը համակարծիք են, որ սա նախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հետխորհրդային տարածքի համար: Ոչ պակաս արձագանք  է գտել մեղադրանքի առաջադրումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ինչը նորից քննարկման դաշտ է բերել  Փաշինյանի կառավարության  հակառուսական դեմարշի թեման:

Ռուսաստանցի քաղաքագետ, Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ Ֆյոդոր Լուկյանովը, սակայն, համոզված  է,  Հայաստանի  իշխանությունների գործողությունները հակառուսական ենթատեքստ չունեն, բայց աճող աշխարհաքաղաքական լարման պայմաններում դրանք «խաղ են կրակի հետ»:

Ֆյոդոր Լուկյանովն այդ մասին գրել է  Ռոսիյսկայա գազետայի « Արդյո՞ք պարզությունն ավելի լավ է» սյունակում:

« ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի դատական հետապնդումը Ռուսաստանում ընկալվում է որպես վիրավորական եւ ցուցադրական, եւ, հնարավոր է, դրսից հրահրված քայլ: Ինձ վրա համարձակություն կվերցնեմ պնդել, որ այն մարդիկ, որոնք Երեւանում կայացնում էին այդ որոշումը, եթե անգամ մտածում էին դրա միջազգային հետեւանքների մասին, ապա՝ ամենավերջին հերթին: Երբ ղեկավարն իշխանություն է գալիս փողոցային բողոքների ալիքի վրա, նրան պետք են սեփական վճռականություն ապացույցներ: Եվ «կողմնակի վնասները», ինչպիսին այս դեպքում ՀԱՊԿ-ն է, ուշադրության չեն արժանանում»:

Մեկ այլ վերլուծաբան  քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը ռուսական RBK պարբերականում գրում է , որ Քոչարյանի կալանավորմամբ ստեղծվել է կարևոր ներքաղաքական նախադեպ:

«Խորհրդային միության փլուզումից և անկախացումից հետո Հայաստանում փոխվել են չորս նախագահ և երեք Սահմանադրություն։ Երկիրն անցել է նախագահականից դեպի խորհրդարանական հանրապետության ուղի։ Եղել են բազմաթիվ զանգվածային բողոքներ և սոցիալական ցնցումներ։ Սակայն այդ ամբողջ ընթացքում նրա ղեկավարներից որևէ մեկը չի կալանավորվել, անգամ եթե իշխանության փոփոխությունը, մեղմ ասած, տեղի է ունեցել իրավական գործընթացների ոչ խիստ պահպանմամբ։ Բայց մինչ օրս ոչ ոք չէր  անցել կարմիր գիծը»։

Հայաստանի նոր իշխանությունները բացել են Պանդորայի արկղը ՝ գրում է ռուս վերլուծաբանը ու ենթադրում, որ շատ բան դեռ առջևում է:

Ցուցադրել ավելի
Back to top button