Հասարակություն

Էջմիածնի Արամ Մանուկյան նորակառույց թաղամասը կոյուղի չունի

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան թաղամասի բնակիչները կոյուղու փոխարեն օգտվում են հորերից:  Թաղամասը 27 տարվա պատմություն ունի: Կառուցվել է1991-ին հատկացված տնամերձ հողամասերի վրա: Փողոցի կոմունալ ենթակառուցվածքների խնդիրը, բացի կոյուղուց, լուծվել է բնակիչների միջոցներով։ 

Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան թաղամասում չկա կոյուղի: Փողոցում ստորգետնյա կոյուղատարի փոխարեն հորեր են փորված։ «Տնից 5մ հեռավորության վրա 3-4 մ խորությամբ, 2-3մ լայնքով փոսեր ենք փորում, վրան բետոնապատում ենք։ Այսինքն՝ ով ինչով կարողանում է՝ երկաթով,  բետոնով  ծածկում ենք, որ հոտ չգա, օգտագործում ենք որպես կոյուղի»,- ասում են բնակիչները։

Փողոցով երթևեկելիս՝ վտանգն անխուսափելի է ցանկացած պահի:  Հողաշեն հորերը ապահովագրված չեն փլուզումից, եթե սողանցք բացվի։ Նման միջադեպ արդեն գրանցվել է: «Հորը փլուզվել էր, մենք շուտ նկատեցինք, քարերով տարածք փակեցինք, որ մեքենաները չընկնեն մեջը, հետո բերեցինք նորից բետոն արեցինք»:

Կոյուղու հորեր հորատելը, բետոնով ծածկելը,  մաքրելը  բնակչներից մեծ ծախսեր է պահանջում:  27 տարվա ընթացքում  փողոցի շուրջ 60 տնից յուրաքանչյուրն արդեն 4 հոր ունի հորատած: Խնդրով շատ են դիմել  Էջմիածնի քաղաքապետարան և պատկան մարմիններին, բայց անարդյունք:

Թաղամասի բնակիչներ ջուրը, գազն ու հոսանքն իրենց ուժերով ու ծախսերով են անցկացրել: Նրանք ասում են, որ պետությանը պարտք չեն մնում, բոլոր հարկերն ու տուրքերը վճարում են, բայց իրենց խնդրանքին ոչ ոք չի արձագանքել:  Էջմիածնի նախկին  քաղաքապետերի սահմանած կարգով,  ոչ ոք չի կարողացել համայնքի բյուջեին պարտք մնալ, քանի որ քաղաքապետարանից չէին կարող  ստանալ  անհրաժեշտ փաստաթուղթը:

Հիմա իրողություն է փոխվել: «Մի շաբաթ առաջ եկան գիշերային լուսավորություն անցկացրին»,- ասում են բնակիչները։

Փողոցի գիշերային  լուսուվորության սյուներն իրարից հեռու են մոտ 80 մ և վառվում են փոքր լամպերով:

Նոր իրողության պայմաններում՝ Արամ Մանուկյան թաղամասի բնակիչները դարձյալ դիմել են քաղաքապետարան՝ կոյուղու անցկացնելու և ասֆալտապատման խնդրով: Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը խնդրին տեղյակ է, եղել է թաղամասում, ծանոթացել իրավիճակին:

«Կոյուղու անցկացումը շատ մեծ ծախսերի հետ է կապված: Ես դիմել եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ խնդրելով իրենց աջակցությունը, որովհետև համայնքային բյուջեով այն հնարավոր չի լինի ապահովել: Կարծում եմ, հնարավոր միջոցների առկայության դեպքում այս խնդիրը կկարողանանք լուծել»,- ասում է քաղաքապետի պաշտոնակատարը:

Քարուքանդ փողոցի փոսերկ լցնելու համար բնակիչները դարձյալ իրենց ծախսերով  ավազ են լցրել, ինչից ավելանում է փոշին, իսկ անձրևների ժամանակ փոքր լճակներ են գոյանում:

Ցուցադրել ավելի
Back to top button