Հասարակություն

Բողոքի ակցիա «Սանիթեք» ընկերության առջև. ավագանու «Ելք» խմբակցությունը սպառնում է

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները «Սանիթեք» ընկերության առջև այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել։ Ավագանու անդամների պահանջն է՝ յոթնօրյա ժամկետում  դատարկել մայրաքաղաքի բոլոր աղբամանները, մաքրել հարթակները, բազմաբնակարան շենքերի, բակերի, փողոցների աղբակույտերը:  Պահանջը չկատարելու դեպքում ի՞նչ է պատրաստվում անել «Ելք» խմբակցությունը,  ներկայացնում է Աիդա Ավետիսյանը:

 

Բողոքի ակցիա «Սանիթեք» ընկերության գրասենյակի առաջ: Երևանում աղբահանության ծառայություն իրականացնող  լիբանանյան միակ ընկերությունը պատշաճ չի իրականացնում իր աշխատանքը և մոտ  երկու տարի խոստումներով խաբում է թե՛ ավագանու անդամներին և թե՛ քաղաքացիներին, նշեց Երեւանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը:

«Ձեզ համար, սահմանել ենք հատուկ ժամանակ, որպեսզի դուք կարողանաք Երևանում քաղաքում վերացնել այն քաոսը, այն իրավիճակը, որը դուք ստեղծել եք երևանցիների համար»:  

Երեկ «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը ներկայացրեց ընկերությունը նոր տեխնիկայով համալրելու  աշխատանքները և վստահեցրեց, որ  պատվիրված մեքենաները, նոր աղբամանները,  որոնք  Հայաստանում կլինեն մոտ 3 շաբաթից, մեծամասամբ կլուծեն առաջացած խնդիրները: 30 մլն. դոլարի ներդրում կատարած ընկերության տնօրենը վստահեցրեց, որ այս ընթացքում աստիճանաբար խնդիրներին լուծումներ տրվում են:

«Սանիթեքն ամեն ինչ անում է ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ: Նոր մեքենաները  խնդիրները կկարգավորեն  մոտ երեք տարով, քանի որ դրանք համակարգային լուծում են պահանջում: Անհրաժեշտ են նոր  աղբավայրեր, և պետք է փակվեն  բազմաբնակարն շենքերի աղբատարերը:

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ  2 տարի անընդմեջ եղած տեխնիկան  նորով փոխարինելու խոստումները չեն շտկում իրավիճակը:  Զբոսաշրջության սեզոնին մայրաքաղաքը թաղված է աղբակույտի մեջ, ամենուր տարածված է գարշահոտություն: Ընկերությունը ծախսում է մեծ գումարներ և չի կարողանում ապահովվել արդյունավետ կառավարում:

«Մենք դիմում ենք Սանիթեքի ղեկավարությանը: Եթե այս տարիների ընթացքում քաղաքային իշխանությունները չեն իրականացրել  պատշաճ վերահսկողություն, և ամենակոշտ գնահատականը չեն տվել «Սանիթեքի» գործունեությանը, ապա  մենք այդպես չենք վարվելու: Սանիթեքը պետք է խստագույնս  պատժվի իր պայմանագրով սահմանված կարգով  և տրվի հստակ ժամանակահատված, որից հետո քաղաքը պետք է խզի  այսպիսի պայմանագիրը և գտնի աղբահանության նոր օպերատոր»:

Ընկերության  տնօրեն  Նիկոլաս Թավիլը ներկայացրեց, թե ինչ պատճառներով  է մայրաքաղաքը վերջին երեք շաբաթների ընթացքում հայտնվել  նման իրավիճակում: Մեքենաների անսարքություն, պահեստամասերի խնդիր և այրված աղբամաններ. այժմ ընկերությունը 500-600 հազար դոլարի ներդրում է իրականացնում նոր մեքենաներ ձեռք բերելու համար և  բանակցություններ են ընթանում եղածները թարմացնելու ուղղությամբ: Ընկերության տնօրենը նաև անդրադարձավ մամուլում և սոցցանցերում տարածված այն տեղեկատվությանը, որ  մայրաքաղաքում ստեղծված իրավիճակը  կապում են քաղաքապետի հրաժարականի  հետ: Դա սաբոտաժ է, ասաց նա և հորդորեց, որ  դադարեցնեն «Սանիթեքի» գործունեությունն օգտագործել քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար:

Ավագանու «Ելք» խմբակցության  անդամ Անի Սամսոնյանը ընկերության տնօրենի հայտարարությանը պատասխանեց, որ քաղաքական դիվիդենտներ չեն  շահում, քանի որ «Սանիթեքի» աշխատանքի արդյունքները երևանցիները տեսնում են:

«Եթե կարծում եք, որ Երևանի աղբահանության խնդիրը և Երևանի քաղաքացիների  առողջության խնդիրը գտնվում են  քաղաքական դիվիդենտներ շահելու ուղեծրում, ուրեմն դուք իրավունք չունեք Երևանում իրականացնել ծառայություն»:

Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ շեշտեց, որ իրավիճակը սաբոտաժի արդյունք չէ, պայմանավորված չէ քաղաքական իրողություններով, քանի որ նույն խնդիրներն առկա էին  նաև նախորդ տարի:

«Քաղաքացիները չեն ուզում լսել որևէ բացատրություն, թե ինչից են առաջացել խնդիրները, պահանջում են  պատշաճ աղբահանություն, պատշաճ սանմաքրում»:

Ավագանու անդամները բաց նամակ էին պատրաստել ընկերության ղեկավարության համար, որտեղ  ներկայացված էր խնդիրներն ու պահանջները և առաջարկեցին, որ ընկերության տնօրենն անձամբ իջնի և վերցնի նամակը: 5 րոպեից հետո  ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլն անձամբ վերցրեց նամակը և լսեց ավագանու անդամների  դժգոհությունները: Նորից խոստովանեց, որ կան խնդիրներ և չեն խուսափում դրանք լուծելու  պատասխանատվությունից:  Իսկ նամակում պահանջների կատարման  համար նշված էր յոթնօրյա ժամկետ: Հակառակ դեպքում Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը կդիմի  քաղաքապետարան՝ ծառայությունների մատուցման պայմանագիրը խզելու պահանջով:

Ցուցադրել ավելի
Back to top button