Հասարակություն

Հայաստանում տարեցտարի գրանցվում է թոքի քաղցկեղի աճ. այսօր թոքի քաղցկեղի կանխարգելման միջազգային օրն է

Վերջին տարիներին քաղցկեղն աշխարհի ամենատարածված հիվանդությունների ցանկում առաջատարներից է: Դարի հիվանդություն անունը ստացած քաղցկեղի բազում տարատեսակները տարեկան միլիոնավոր մարդկանց կյանք են խլում:

Ուռուցքաբանության ազգային կենտրոն տարեկան դիմում է 300 000 քաղաքացի: Նրանցից 100 000-ը ենթական են ստացիոնար բուժման: Տարվա ընթացքում կատարվում է չարորակ  և բարորակ գոյացությունների 3 500-3 800 վիրահատություն:

Այսօր թոքի քաղցկեղի կանխարգելման միջազգային օրն է:

 

Թոքերի քաղցկեղից մահացած 4-ից մեկն օրական մեկ տուփ ծխախոտ է օգտագործել.  սա վիճակագրություն է, ներկայացնում է բժիշկ-ուռուցքաբան, «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիոթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանը:

Հայաստանում տարեցտարի գրանցվում է թոքի քաղցկեղի աճ: Գրանցված դեպքերի 80-90 տոկոսի դեպքում մարդիկ ունենալու են կարճ կյանք՝ պատճառներից մեկը  հիվանդությունը 3-րդ կամ 4-րդ փուլում հայտնաբերելն է:

Բոլոր չարորակ ուռուցքներն են երիտասարդանում` շեշտում է բժիշկ-ուռուցքաբանը։ Թոքի ուռուցքը բացառություն չէ: Այստեղ էլ պատճառները շատ են, առաջնայիններն է թվում:

«Եթե երիտասարդ քաղաքացու հայրն ու պապը ծխախոտ են օգտագործել, գենետիկորեն փոխանցվում է  ու կոտակվում է այդ բացասական գործոնը: Միջավայրն է փոխվել, մի քանի անգամ ախտոտվել: Այս պայմաններում հիվանդությունը երիտասարդանում է»:

Ծխախոտը համարվում է թոքի քաղցկեղի առաջացման թիվ մեկ պատճառը։ Ուրոլոգ, առողջության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանն այս հարցը չի քննարկում, բայց մեղքը բարդել միայն ծխախոտի վրա և պայքարել ծխելու դեմ անիմաստ ու անարդյունավետ է համարում:

Այլ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ խոսքից անցնել գործի:

«Ուռուցքաբանական հիվանդություններ ունեցողների բուժման համապատասխան պայմաններ պետք է առաջարկվեն: Այսօր քաղցկեղի համար պետության կողմից որևէ արտոնություն չի ստեղծվում: Պետպատվերով ինքա՞ն է գնահատվում քաղցքեղի բուժումը: Դրանք կոպեկներ են: Շատ դեպքերում քաղցկեղի բուժման վիրահատության ինքնարժեքն ավել է քաղ պետության փոխանցած գումարը»:

Ռադիոիզոտոպային կենտրոնի բացումը կարող էր բազմաթիվ կյանքեր փրկել։ Այն չբացվեց եւ դա մեծ բացթողում է՝ ասում է Գևորգ Գրիգորյանը:

Առողջապահական ոլորտում նման խնդիրների ու բացերի հետ զուգահեռ մարդկանց մեծ մասը ծխելու մոլուցքը արդարացնում է սթրեսով և սոցիալական վատ պայմաններով՝ ասում է Լևոն Բադալյանը:

Առողջապահական ոլորտում բացերը շատ են, կան չլուծված  բազմաթիվ խնդիրներ, բայց որպեսզի մեր ազգաբնակչությունը հիմնովին փոխի իր վերաբերմունքը առողջության հանդեպ, ուռուցքաբանը խորհուրդ է տալիս՝ երկար ժամանակ ծխող մարդիկ 50 տարեկանից հետո անպայման գնան ճառագայթաբանի մոտ` պրոֆիլակտիկ ստուգման, անգամ եթե չունեն առողջական գանգատներ:

Տարին մեկ անգամ այսպիսի հետազոտությունն անցնելն արժի միջինը 30-40 հազար դրամ՝ գումարը չնչին չէ, բայց առողջության համար տարին մեկ անգամ արժի ստուգվել՝ հորդորում է բժիշկը:

Ցուցադրել ավելի
Back to top button