Մշակույթ

Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը` իրողություն

Հայաստանի  նախագահ Արմեն Սարգսյանի և  Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելայի  մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի բացումը:

Հայաստանի ազգային պատկերասրահի 9-րդ հարկում տեղակայված հայ-իտալական կենտրոնն իրականացնելու է ոչ միայն պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնողական գործառույթներ, այլև ունենալու է ավելի լայն վերականգնողական ծրագրեր:

2016 թ. նոյեմբերի 8-ին Իտալիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները ստորագրեցին  Մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոն ստեղծելու վերաբերյալ համատեղ հայտարարությունը:

Հայ-իտալական վերականգնողական կենտրոնն այսօր արդեն իրողություն է:

Հայաստանի ազգային պատկերասրահի 9-րդ հարկում տեղակայված կենտրոնի բացումն այսօր իրականացվեց Հայաստանի ու Իտալիայի նախագահների մասնակցությամբ:

«Պահպանելով մեր մշակութային ժառանգությունը, մեր արմատները մենք կարողանում ենք զարգանալ ու առաջ գնալ: Մշակույթն ազգերին կապող ամենաարդյունավետ տարրն է»,-իր խոսքում նշեց Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի խոսքով, հայ-իտալական մշակութային կապերը ամուր հիմք ու դարերի պատմություն ունեն, իսկ կենտրոնի առկայությունը Հայաստանում էլ ավելի է ամրապնդելու հայ-իտալական մշակութային կապը՝ դառնալով մշակութային համագործակցության նոր հարթակ:

«Հոգևոր հարուստ ժառանգության պահպանման տեսանկյունից վերականգնողական  կենտրոնի ստեղծումը չափազանց կարևոր է Հայաստանի համար: Դրա ստեղծման անհրաժեշտությունը մեզանում վաղուց հասունացել էր»,-ասում է Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանը:

Արամ Իսաբեկյանի խոսքով, այս կենտրոնը հնարավորություն կտա ամուր հիմքի վրա դնել վերականգնողական դպրոցը: Մասնագետների շարունակական վերապատրաստումը կապահովի ոլորտում առողջ սերնդափոխությունը:

Կա փոխադարձ համաձայնություն, որ հուշարձանների վերականգնման խնդիրներին նվիրված համատեղ ծրագրերի իրականացման համար կենտրոնը մասնագիտական համագործակցության հարթակ կստեղծի տարածաշրջանի մի շարք պետությունների հետ:

Back to top button