ԿարևորՔաղաքական

Ռոբերտ Քոչարյանը նոր պաշտպան ունի


Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  պաշտպանները կալանավորման որոշման դեմ բողոքն այսօր կներկայացնեն Վերաքննիչ դատարան։

Ամենայն հավանականությամբ Վերաքննիչը որոշում կկայացնի  հաջորդ շաբաթվա ընթացքում՝ «Ռադիոլուրին» ասել  է Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Այսօր հայտնի է դարձել, որ երկրորդ նախագահի պաշտպանական թիմը համալրվում է ևս մի փաստաբանով. Հայկ Ալումյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատել  է, որ  պատրաստվում է պաշտպանել երկրորդ նախագահի շահերը:

Մինչև «Ռադիոլուրի» հիմական թողարկման մեկնարկը՝ 18.00-ն, հանրապետության երկրորդ նախագահի շահերը պաշտպանող փաստաբանների խումբը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պետք է ներկայացներ  Վերաքննիչ դատարան։

«Ռադիոլուրի» հետ զրույցում  պաշտպաններից Արամ Օրբելյանը վստահեցրեց, որ բողոքն այսօր անպայման կներկայացվի: Այն վարույթ ընդունելուց հետո  Վերաքննիչը նյութեր կպահանջի նախաքննական մարմնից, դրանք ստանալուց հետո եռօրյա ժամկետում որոշում կկայացնի: Ամենայն հավանականությամբ որոշումը կկայացվի հաջորդ շաբաթվա սկզբին՝ մեզ հետ զրույցում ասաց Արամ Օրբելյանը սկզբին:

Պաշտպանները բողոքարկում են  կալանքի որոշումը ու մինչ սպասում են Վերաքննիչի որոշմանը, թիմը համալրվում է նոր  պաշտպանով: Փաստաբան Հայկ Ալումյանը պատրաստվում է համալրել հանրապետության երկրորդ նախագահի շահերի պաշտպանությունն իրականացնող թիմի շարքերը:

«Այո, պատրաստվում եմ ներգրավվել, այս պահին սպասում եմ քննիչին, որ համապատասխան գործողություններն իրականացվեն»:

Հայկ Ալումյանը ներգրավված է եղել հանրային հնչեղություն ունեցող մի շարք գործերում.  իրականացրել է Բուդաղյանների պաշտպանությունը  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և  թիկնապահի դեմ հարուցված գործում:

Ներգրավված է եղել «Սասնա ծռերի» անդամներից մի քանիսի  պաշտպանության մեջ, իրականացրել է Բանդայի գործով մեղադրվող Վահան Շիրխանյանի շահերի պաշտպանությունը:  Հիմա պատրաստվում է  պաշտպանել հանրապետության երկրորդ նախագահի շահերը:

Գործը մասնագիտական առումով ինձ հետաքրքիր է ՝ մեզ հետ զրույցում իր որոշումն այսպես բացատրեց փաստաբանը:

«Հանրապետության երկրորդ նախագահը որպես վստահորդ ինձ համար շատ կարևոր է, գործը մասնագիտական առումով հետաքրքիր է: Այնքանով, որքանով հասցրել եմ ծանոթանալ գործին, այս պահին կարծում եմ, որ  առնվազն կալանքի որոշումն անօրինական է»:

Ի դեպ, Ալումյանը մի առանձին բողոք էլ կալանքի որոշման դեմ Վերաքննիչ դատարան պատրաստվում է ներկայացնել իր անունից: Այն, ինչ արվել է մինչև իմ ներգրավումը, այլ մոտեցում է, իմ կողմից ներկայացվելիքը՝ այլ. ասում է պաշտպանը, իսկ հարցին, թե ինչ է կարծում, հեշտ պաշտպանություն է սպասվում, այսպես է արձագանքում:

«Այս կարգի գործերում, այսչափ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությամբ, այսչափ հանրային հնրեղություն ունեցող գործերում պաշտպանություն իրականեցնելը երբեք հեշտ չի եղել, ավելին՝ ամենաակնհայտը ապացուցելը լինում է դժվար: Եթե կան այս աստիճանի լուրջ մեղադրանքներ, չեմ ասում հիմանվոր, ասում եմ լուրջ, եթե գործով զբաղվում է ՀՔԾ-ն, եթե արդեն կալանքի որոշում կա, պաշտպանությունը չի կարող հեշտ լինել»:

Հանրապետության երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրելու և հատկապես նրան կալանավորելու  որոշումը աննխադեպ է մի քանի առումներով:

Նախաքննական մարմինն առաջին անգամ է մեղադրանք առաջադրում երկրի ղեկավարին, դատարանն առաջին անգամ նախկին նախագահի նկատմամբ կալանք կիրառելու որոշում է կայացնում և առաջին ագմամ  էլ պետք է գործ քննի, որով մեղադրյալը երկրի առաջին դեմքն է:

Աննխադեպության շրջանակներն այսքանով չեն սահմանափակվում: Առաջին անգամ է կիրառվում նաև Քրեական օրենսգքրի 300.1 հոդվածը ՝ սահամանադրական կարգի տապալում: Սովորաբար այս մեղադրանքն ընկալվել է  ընդդիմության  գործողությունների կոնտեքստում:

Այժմ գործի է դրվում նոր բովանդակությամբ ու առաջացնում հարց՝ ինչպե՞ս իշխանության ղեկին գտնվելով՝ կարելի է սահմանադրական կարգ տապալել: Այս հարցում միանշանակ վստահություն ունի փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը:

«Այո, այս հոդվածը Քոչարյանի դեպքում կիրառել է: Դա Քրեական օրենսգրքի  նախկին 300 հոդվածով նախատեսված  հանցակազմն է՝ իշխանության յուրացմանը, պահելուն ուղղված գործողություններ: Մեր աշխատանքի ժամանակ շատ զինվորականներ մեզ մեղադրել են ՝ ի՞նչ է, ուզում էիք իշխանությունը վերցնեն: Իշխանությունը պահելու խնդիր Ռոբերտ Քոչարյանն ունեցել է»:

Քոչարյանին պաշտպանող թիմը լուրջ անհամաձայնություն ունի հենց առաջադրված մեղադրանքի հարցում: Զավեշտն այն է, որ մեզ համար պարզ չէ, թե ինչի մեջ է մեղադրվում Քոչարյանը՝  հայտնի ասուլիսում ասել էր պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Back to top button