Հասարակություն

Երբ արհմիությունները կդառնան ավելի ուժեղ

Նախորդ շաբաթ կառավարությունը հավանության է արժանացրել «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:

Առաջարկվում է ստեղծել անկախ արհմիություններ: Նորաստեղծ կառույցն ինչո՞վ է տարբերվելու արհմիություններից:

Մանկավարժ Լարիսա Փարվանյանի մանկավարժական երկարամյա գործունեությունը դադարեց 2003 թվականի ն օպտիմալացման արդյունքում: Արհմիության օգնությանը չի դիմել, քանի որ թերահավատ էր, որ հարցին լուծում կտրվեր:

Տնօրինության որոշումը հստակ էր, հեռացվող  ուսուցիչների ցանկն էլ հաստատված՝ ասում է:

Քանի որ հանրապետությունում աշակերտների թիվը կրճատվել էր, ապա կանխատեսելի էր ուսոցիչների օպտիմալացումը: Գործընթացը լայնամաշտաբ տեղի ունեցավ 2003 թվականին: Իսկ ինչ էր անում արհմիությունը։ Կրթության և գիտության աշխատողների ճյուղային հանրապետական միությունը  շրջաբերական նամակներ ուղարկեց տարածքային  արհմիութենական նախագահներին, որպեսզի օպտիմալացումը  տեղի ունենա օրենքի սահմաններում՝«Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Կրթության և գիտության աշխատողների ճյուղային  հանրապետական միության նախագահ Գրիգոր Ղարիբյանը:

«12000 պետք է կրճատվեր,  քանի որ աշխատանք չկա և մարդիկ ամաաձայն են կես դրույքով աշխատեն և այդ պայմաններում  այդ թիվը պահպանվում է և  կրճատումները շատ քիչ են կատարվում: Մոտ 2000 ուսուցիչ դուրս մնաց, այն էլ ոչ մասնագետները, որոնք չունեն, մանկավարժական կրթություն»:

Մեր հերոսը՝ Լարիսա Փարվանյանն ուներ մանկավարժական բարձրագույն կրթություն, ավարտել է Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը՝ այժմ համալսարան։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի վստահեցմամբ՝ արհմիություններն իրենց վրա դրված առաքելությունները կատարում են արհմիությունների մասին օրենքին համապատասխան

«Այն կազմակերպությունները, որոնք  գտնվուն են մեր համակարգում, մեզ դիմելու դեպքում  պատրաստակամ ենք  մինչև  վերջ  պաաշտպանել արհմիության տուժած կողմի շահերը»:

Ինչու ակտիվ չեն արհմիությունները հարցին, կառույցի ղեկավարը պատասխանեց, որ   արհմիությունները կդառնան ավելի ուժեղ, երբ օրենքը կգործի ամբողջությամբ: Օրենքը չունի այն ուժը, որպեսզի կարողանանք լիարժեք  իրականացնել մեր գործառույթները, պարզաբանեց Թումասյանը:

«Եթե օրենքն արհամարհում է գործատուն, կամ սեփականատերը,  ապա պետք է գործի իրավական տեսչության դերը: Այն առաջ կար, արհմիության  պահանջով տուգանում էր գործատուին կամ սեփականատիրոջը, որը խախտում էր  մարդու իրավունքները»: 

Միաժաամանակ  վստահեցնում է, որ արհմիությունների աջակցությամբ շատ աշխատողների խաթարված  իրավունքներ են վերականգնվել: Կառավարությունը նախորդ շաբաթ հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների՝ «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:

Գործող օրենսդրության համաձայն՝ արհմիությունները ստեղծվում են տվյալ գործատուի շրջանակներում, և հիմնական եկամուտը  կազմվում է գործատուի հատկացումներից: Իսկ գործատուի օժանդակությամբ գոյատևող  կառույցն ինքն է թելադրում  իր քաղաքականությունը, «Ռադիոլուր»-ին փոխանցեց նախագծի հեղինակ Գևորգ Պետրոսյանը:

Փոփոխություններով առաջարկվում է  ստեղծել անկախ արհմիություններ, այսինքն՝  արհեստակցական միություն ստեղծել ոչ միայն գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների կողմից, այլև իրար հետ չկապված գործատուների հետ:

«Այսինքն՝ աշխատողը կարող է լինել ենթադրենք մասնավոր հիմնարկի աշխատող, մյուսը՝ պետական հիմնարկի աշխատող, դա միավորվի անկախ արհմիության մեջ, որը ոչնչով կախվածություն չունենա տվյալ գործատուից և կարողանա անմնացորդ կերպով իրականացնել իր գործառույթները»:    

Արհմիությունների բյուջեն էլ կկազմվի  հիմնականում աշխատողների անդամավճարներից:

Հիմա  արհմիությունները լծված են  ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելուն: Ըստ վիճակագրական տվյալների՝ եթե հանրապետությունում միջին անվանական աշխատավարձը 188 հազար դրամ է, ապա  կրթության  ոլորտի աշխատողներինը 122 հազար։ 2017 թվականին Հայաստանում կրթությանը հատկացվել է ՀՆԱ- ի 2,1 տոկոսը, որն ԱՊՀ երկրների մեջ ամենացածրն է՝ նշեց Կրթության և գիտության աշխատողների ճյուղային  հանրապետական միության    նախագահը: Աշխատավարձները բարձրացնելու համար դիմել են  նաև  ներկա կառավարությանը:

«Քննարկման փուլում  է և  խոսակցություններ կան, որ կարող է 2019 թվականի բյուջեով կրթության բնագավառի աշխատողների աշխատավարձը  բարձրանա»:

Ի՞նչ կանի արհմիությունը, եթե աշխատավարձը չբարձրանա։ Ապագա քայլերի մասին խոսելը դեռ վաղ է՝ ասաց զրուցակիցս:

Back to top button