Քաղաքական

Խաչատուրովը դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է

Նախիջևանյան կողմում անհրաժեշտություն կա մշտադիտարկում անցկացնելու՝ կանխելու համար ադրբեջանական կողմի հնարավոր որևէ արկածախնդրություն, սակայն հակառակորդը այդ հարցում ևս որևէ համաձայնություն չի տալիս:

Դեսպան Կսպրշիկի գրասենյակին ուղղված հայկական կողմից բազմաթիվ առաջարկներն անարդյունք են մնում, ասում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

 

ՀԱՊԿ ԳՔ փոփոխության հարցը հայկական կողմի ուշադրության առանցքում է և պաշտոնական  Երևանը  կողմ է դրա կարգավորմանը ՀԱՊԿ կանոնադրության շրջանակներում, ասում է  Տիգրան Բալայանը՝  վստահեցնելով, որ չի արվի որևէ քայլ, որից կտուժի ՀԱՊԿ հեղինակությունը:

Խաչատուրովի անձեռնմխելիության հարցով դատարանը դիմել էր ԱԳՆ։ Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ ուղարկել են անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն դա դատավարական գաղտնիք կարող է լինել, ուստի ձեռնպահ մնաց հրապարակել Խաչատուրովի անձեռնմխելիության մասին որևէ տեղեկությունը:

Պարզապես նշեց, որ ինտենսիվ քննարկումներ են տեղի ունենում, թե ինչպես առաջ շարժվել: Իսկ Ռուսաստանի անանուն աղբյուրներից ՀՀ ԱԳՆ-ի աշխատանքին որակումներ տալու քայլին ի պատասխան հստակեցրեց.

«Դա մեր սուվերեն իրավունքն է»:

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, մեջբերելով Ռուսաստանի ԱԳՆ-ում իր անանուն աղբյուրը, գրել էր, թե Հայաստանը ռուս դիվանագետներին զարմացնում է իր ոչ պրոֆեսիոնալ առաջարկությամբ։ Եթե Երեւանը չի  ցանկանում Խաչատորովին տեսնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ապա պետք է նախաձեռի նրա լիազորությունները դադարեցնելու, այլ ոչ թե նրան փոխարինելու գործընթաց։ Արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, խոսելով անանուն աղբյուրներին հղումով հրապարակումների մասին, ասաց.

«ՌԴ-ում շատ աղբյուրներ պղտոր են: Հայ-ռուսական հարաբերությունների վրա դրանք չեն կարող ազդել»:

Դիվանագիտական էթիկայի տեսանկյունից  դեսպանը որևէ սխալ չի տեսնում ՀՀ -ի գործողություններում: Գործընթացը ճիշտ է գնում՝ ասում է.

«Նրան չէին կարող մեղադրանք առաջադրել Մոսկվայում աշխատելու ժամանակ, քանի որ գործում էր անձեռնմխելիության դրույթը՝ Վիեննայի կոնվենցիայի կետերի համաձայն, որպես դեսպանընկալ երկիր»:

Քանի դեռ ՀԱՊԿ խորհուրդը որոշում չի կայացրել Խաչատուրովին փոխարինելու մասին, նա դեռևս  համարվում  է կառույցի գլխավոր քարտուղար: Թե ով կփոխարինի,  ինչպես և ինչ ժամկետով պետք է որոշվի անդամ երկրների կողմից կոնսենսուսով՝ ասում է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ցուցադրել ավելի
Back to top button