Տնտեսական

Կդիմանա՞ Սեւանը լրացուցիչ ջրառին

Ջրային տնտեսության պետական կոմիտեն ոռոգման ջրի խնդիրները լուծելու համար այս տարի նույնպես ապավինելու է Սևանա լճին: 

Մեկ անգամ մերժված առաջարկը փոփոխված տարբերակով  կրկին շրջանառության մեջ է  դրվել:

Սևան ազգային պարկն այն մերժել է, ԳԱԱ-ին առընթեր Սևանի հարցերով փորձագիտական հանձնաժողովը  դրական եզրակացություն տվել, բայց իր նախապայմաններով:

65 մլն խորանարդ մետր  լրացուցիչ  ջուր Սևանա լճից՝ ոռոգման խնդիրները լուծելու համար: 2018թ ամառն այս առումով որևէ բանով չի տարբերվում նախորդներից: Ջրպետկոմի նախագահ Ինեսսա Գաբայանի խոսքով, ջրային պաշարները սուղ են, Ախուրյանի ջրամբարից 100 մլն խորանարդ մետրից ավելին  արդեն օգտագործել են, կփորձեն առկա պաշարներով  ոռոգել մինչև օգոստոսի կեսերը:

Ջրային կոմիտեն դիմել է կառավարությանը:

ԳԱԱ-ին առընթեր Սևանի հարցերով փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նմնց՝ կանգնել էին փաստի առաջ, չէին կարող համաձայնությունը չտալ:

«65 մլնից՝ 40 տվել ենք, մնացածը՝ պոմպակայաններով կհանեն: Ջրամբարները դատարկ են, Սևանից՝  ջուրը բաց թողնված: Սևանի լճի ջուրն անխնա օգտագործել էին, դրա համար էլ փաստի առաջ էինք կանգնել»:

Ոռոգման ջրի անհրաժեշտ մյուս քանակը կլրացվի Մխչյանի ու Ռանչպարի պոմպակայանների հաշվին: Դրանով ջրի դեֆիցիտը կլուծվի՝ ասում է Ջավադյանը:

Սևան ազգային պարկը ինչպես այս, այնպես էլ նախորդ նախագծին բացասական եզրակացություն է տվել: Տնօրեն Վահե Գուլանյանի տեղեկացմամբ,  առաջին անգամ նման նախագիծ  ներկայացված էր մոտ 1-1.5 ամիս առաջ, առաջարկվում էր 85 մլն խորանարդ մետր  ավելի ջրառ  իրականացրել Սևանա լճից: Ինչպես այս, այնպես էլ ներկայիս նախագիծը Սևան ազգային պարկը մերժել է:

«Սա այն հիմնական պատճառն է՝ որ պետք է բացառել այսպես ասած ռիսկի ներհոսքերն ու արտահոսքերը:  Մի հատ լցնենք, հետո թողնենք, նորից լցնենք։ Սա վտանգավոր ու մահացու է լճի համար»։

«Ռադիոլուրի» զրուցակիցը պարզաբանում է՝ ոռոգման ջրի բացակայությունը չի կարող Սևանա լճից լրացուցիչ ջրառի պատճառ դառնալ

«Թող կառավարեն այնպես, որ խնդիրը չառաջանա. Ամբողջ Արարատյան դաշտը ջրի մեջ է։ Որևէ մեկի համար դա գաղտնիք չէ, որ ձկնաբուծարանների ջուրը գնում է Արաքս»:

Այն, որ Հայաստանում ոռոգման ջրի կառավարման խնդիր ունենք, փաստում են նաև մասնագետները, ինչպես օրինակ, «Ռադիոլուրի» մյուս զրուցակիցը՝ «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Արևիկ Հովսեփյանը:

Սևան ազգային պարկի տնօրեն Վահե  Գուլանյանը վստահեցնում է՝ նախորդ տարիներին նույնպես Սևանից լրացուցիչ ջրառին   բացասական եզրակացություն են տվել: Նա նաեւ հույս ունի՝ կառավարությունը ջրային կոմիտեի առաջարկին բացասական պատասխան կտա։

Ցուցադրել ավելի
Back to top button