ԿարևորՀասարակություն

Երբվանից ու ինչպես Հայաստանը կհրաժարվի մեկանգամյա օգտագործման պլաստիկից

Հայաստանի զբոսաշրջային գրավչություններին եւ բնապահպանական խնդիրներին անդրադառնալիս միջազգային լրատվամիջոցների աչքից չի վրիպում առօրյայում պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկի այսչափ լայն կիրառությունը ու շրջակա միջավայրի` դրանցով աղտոտվածությունը:

Խնդիրը լուրջ է` ասում են մասնագետները: Բնապահպանության նախարարությունն արդեն նախանշում է այս ուղղությամբ ձեռնարկելիք քայլերը: Արդյոք դրանք կարող են սահուն իրականացվել. «Ռադիոլուրն» է փորձել պարզել:

Միջազգային փորձագետները մտահոգված են` մոլորակի մակերևույթի մեկ չորրորդը պատված է պոլիէթիլենային աղբով: Պլաստիկը պրակտիկորեն չի քայքայվում, իսկ հողի մեջ երկար մնալով առաջացնում է առաջին կարգի թունավոր նյութեր: Սրանք էլ բերքի հետ ամենաուղիղ ճանապարհով հասնում են մարդու օրգանիզմ: Կանխել է պետք` ահազանգում են փորձագետները: Կանխել պատրաստվում է նաեւ Հայաստանը: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան:

«Հայաստանում նախաձեռնում ենք մեկանգամյա պլաստիկն արգելող գործընթաց»:

Ծրագիրը լինելու է դեռ փորձնական, կմեկնարկի մեկ համայնքից, կտարածվի մարզում: Նախարարը կարծում է` որոշ ժամանակ անց Հայաստանը կմիանա այն երկրների թվին, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործում չի թույլատրվում: Առաջիկա 5-10 տարում այն կարգելվի ողջ աշխարհում` նախարար Գրիգորյանի կանխատեսումն է: Լուրջ գործընթաց է սպասվում` ասում է:

«Հայաստանն այս պահին չի կարող ներդնել գլոբալ արգելք, սակայն սկսում է գործընթացը մեկ համայնքում։ Ծրագրի շրջանակում մենք մի համայնքից սկսած` բոլոր բնակիչներին կբաժանենք կտորից տոպրակներ, կկազմակերպենք մի շարք միջոցառումներ, այդ թվում` կգործարկենք պլաստիկե շշերի վերամշակման գործընթաց»:

Բնապահպանական ռիսկերը` ռիսկեր, բայց արդյոք ռիսկի առաջ չեն կանգնում այն մի քանի տասնյակ տնտեսվարողները, որոնք ներդրումներ են կատարել, պլաստիկի արտադրություն սկսել, տարիների հաշվարկ արել: Այս ոլորտի տնտեսվարողներից Լեւոն Խաչիկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում տարակուսում է`

«Մարդը ծախս է արել, ներդրումներ է արել, արտադրություն է հիմնել: Ինչ անի մարդը էդ արտադրությունը: Իսկ նախարարն ինչ այլընտրանք է առաջարկում դրա համար, ինչ այլ տարբերակ: Այս հաստոցներն ինչ անի»:

Տնտեսագետ Գագիկ Վարդանյանն էլ որոշակի վերապահում ունի. արդյո՞ ք սոցիալական խնդիրներն այս պահին կարելի է  ստորադասել բնապահպանականին` հարց է բարձրացնում: Բայց նաեւ թեմային այլ կողմից է նայում. ցանկացած ներդրում ունի իր հետգնման ժամկետը, այսինքն` 5-10 տարին լիովին տրամաբանական շրջան է, որ պլաստիկի արտադրության մեջ ներդրումներ արած մարդիկ ետ ստանան իրենց ծախսերը, դեռ մի բան էլ ավելին:

«Ես կարծում եմ` պետք է տնտեսական լծակներով տանել դրան: Եթե արտադրությունը բնապահանական ինչ-որ առումով խոցելի է, պետք է տարբերակված հարկատեսակնե կիրառվեն, եւ այդ դեպքում գործարարները կհասկանան` որպեսզի հարկային բեռն ավելի թեթեւ լինի, պետք է անցնել նոր տեխնոլոգիաների»:

Տնտեսագետ Գագիկ Վարդանյանն էլ իր հերթին է հարց բարձրացնում`  պլաստիկին փոխարինող նոր նյութերի մշակման, հին տեխնոլոգիաները նոր, այսպես կոչված «կանաչ տեխնոլոգիաներով» փոխարինելու համար արդյոք մեր ֆինանսական ռեսուրսները բավարար են: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այս առումով մխիթարող պատասխան ունի:

«Ֆինանս կա: Խնդիրներ չպետք է առաջանան, քանի որ բնապահպանության ոլորտում կան բազմաթիվ միջազգային գործընկերներ, որոնք պատրաստ են աջակցել նմանատիպ նախաձեռնություններին։ Ամեն դեպքում, մենք այդ ծրագրի վրա պետբյուջեից միջոցներ չենք ծախսվի»:

Կապանում արդեն իրականացվում է նմանատիպ դրամաշնորհային ծրագիր, այդ թվում` ուղղված պլաստիկի վերամշակմանը։

Back to top button